ՀՀ ԱԳ նախարարն հանդիպել է Իռլանդիայի Եվրոպայի հարցերով պետնախարարի հետ

Armenpress 23:50, 11 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 11-ին հանդիպել է Իռլանդիայի Եվրոպայի հարցերով պետնախարար Հելեն Մաքէնթիի հետ, ով գտնվում է Հայաստանում` մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի աշխատանքներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

«Նախարար Մնացականյանը շնորհավորեց իր գործընկերոջը Իռլանդիայի՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ստանալու կապակցությամբ: Զրուցակիցները գոհունակությամբ նշեցին, որ ՖՄԿ գագաթաժողովը լավ հարթակ է տրամադրում երկկողմ օրակարգային հարցերը քննարկելու և հետագա զարգացման հեռանկարներն ուրվագծելու համար: Ներկայացնելով կազմակերպությունում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները՝ Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծեց, որ դրանցում առանցքային դեր է հատկացվելու այնպիսի ոլորտներին, ինչպիսիք են թվային զարգացման օրակարգը, սմարթ կրթությունը և նորարարությունը:

Երկկողմ օրակարգի համատեքստում նախարար Մնացականյանը և պետնախարար Մաքէնթին երկուստեք պատրաստակամություն հայտնեցին գործուն քայլեր ձեռնարկել տարբեր բնագավառներում հայ-իռլանդական համագործակցությունն առավել ընդլայնելու ուղղությամբ՝ հատկապես Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների և ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ընձեռված հանարավորությունների շրջանակներում:

Նախարար Մնացականյանն անդրադարձավ նաև Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումներին, ժողովրդի մանդատի հիման վրա կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացին»,- նշված է հաղորդագրության մեջ:

 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am