Երևանի Հանրապետության հրապարակում մեկնարկեց Ֆրանկոֆոնիայի  միջոցառումների գալա համերգը

Armenpress 19:38, 11 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում Ֆրանկոֆոնիայի միջոցառուների գալա համերգը մեկնարկեց Հանրապետության հրապարակում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, համերգի եզրափակիչ հատվածը նվիրված է լինելու աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին: Համերգին ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանկոֆոնիայի միջոցառումներին Երևան ժամանած երկրների պատվիրակությունների ղեկավարներ ու անդամներ:

Համերգի մյուս մասում ելույթ կունենան աշխարհահռչակ երգիչներ Անժելիկ Կիժոն, Մելոդի Գարդոն, Զազը:

Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել Ֆրանկոֆոնիայի անդամ 84 երկրի պատվիրակություն և 38 երկրի ղեկավար:

Ֆրանկոֆոնիայի  միջազգային կազմակերպության գագաթնաժողովի նախագահության լիազորությունները Մադագասկարից փոխանցվել են Հայաստանին:

Հոկտեմբերի 11-12 Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի օրակարգում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրության հարցն է:  Գագաթնաժողովի թեման է «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության եւ բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»: Համընդհանուր արժեքների վրա խարսխված այս թեման հնարավորություն կտա արտացոլել Ֆրանկոֆոնիայում խաղաղությունը, համերաշխությունը և զարգացումը։ Որպես Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի լոգո ընտրվել է նուռը՝ ի նշան ֆրանկոֆոն ողջ տարածքի խաղաղության և բարգավաճման:

 

 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am