«Երևանյան բեսթսելեր». «Հայրիկ, դու խենթ ես» գիրքն առաջին հորիզոնականում է. Թարգմանական գրականություն. սեպտեմբեր, 2018

Armenpress 09:44, 12 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը ներկայացվում է սեպտեմբերի վաճառքների հիման վրա:

Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Ուիլյամ Սարոյանի «Հայրիկ, դու խենթ ես» վիպակը: Այն Ուիլյամ Սարոյանի գրական ժառանգության մարգարիտներից մեկն է: Տասնամյա տղայի պատումը, միահյուսվելով գրող հոր հետ ծավալվող խորունկ զրույցներին, այս լուսավոր ու իմաստուն գործը դարձնում է կյանքի և աշխարհի տիպիկ սարոյանական մանրակերտ, ըստ էության՝ սեղանի գիրք ամեն տարիքի ընթերցողի համար: Թարգմանիչ՝ Զավեն Բոյաջյան:

Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր» ստեղծագործությունը երկրորդ հորիզոնականում է: Խորաթափանց, համարձակ, հանդուգն եւ սուր այս գիրքը Ջոն Գրինի դեռեւս ամենահավակնոտ եւ սրտաճմլիկ ստեղծագործությունն է, որ փառահեղ կերպով ուսումնասիրում է ողջ եւ սիրահարված լինելու զվարճալի, հուզիչ եւ ողբերգական գործընթացը: «Աստղերն են մեղավոր»-ը 2014 թվականի աշխարհի ամենավաճառված գիրքն է համարվել մի շարք հեղինակավոր կայքերի ու ամսագրերի կողմից: Թարգմանիչ՝ Ալինա Միրզոյան:

Երրորդ հորիզոնականում է գերմանացի աշխարհահռչակ գրող Էրիխ Մարիա Ռեմարկի «Արևմտյան ճակատում նորություն չկա» գիրքը, որը լույս է տեսել 1929 թվականին: Այն պատերազմի մասին պատմող երբևէ ստեղծված ամենավաճառված գրքերից է, որը, ի դեպ, նացիստական Գերմանիայում արգելված գրականության ցանկում է եղել: Ստեղծագործության հերոսները գերմանացի զինվորներն են, գործողությունները ծավալվում են Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: Գրքում ականատեսի սուր աչքով ներկայացված են պատերազմող զինվորների ապրումները, նրանց կյանքը, հոգեվիճակը, մտքերը:

Չորրորդ հորիզոնականն է զբաղեցնում բրազիլացի գրող Պաուլու Կոելյոի լավագույն ստեղծագործություններից մեկը` «Ալքիմիկոսը»: Վեպը երազանք ունենալու և այն իրականացնելու հաստատակամության պատմություն է՝ զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ:  Թարգմանությունը՝ Աննա Մարությանի:

Հինգերորդ հորիզոնականում Ռեյ Բրեդբըրիի «Ֆարենհայթ 451»-ն է: Հրկիզող Գայ Մոնթագի տան հեռուստապատերով պարփակված իրականության գրկում ապրում է Միլդրեդը՝ նրա կինը: Ամերիկյան զվարճանքի հասարակությունը վաղուց այլևս չի հանդուրժում գրքեր՝ համարելով դրանք դժբախտության աղբյուր, իսկ գրքերի թաքստարանների տեղերը մատնում է հրկիզողներին: Շուտով, սակայն, գրքեր կգտնվեն նաև Մոնթագի տանը: Ֆիզիկական փախուստը նաև մտածելու սովորույթին վերադառնալու ճանապարհն է: Գիրքը բնագրից թարգմանել է Լուսինե Հարոյանը:

Վեցերորդ հորիզոնականում է Նարինե Աբգարյանի «Մանյունյա» գիրքը, որի թարգմանությունն իրականացրել է Նարինե Գիժլարյանը: Այն լուսավոր, արևով ու հայկական բերքուբարիքի համուհոտով ներծծված արտասովոր պատմություն է մանկության, երկու ընկերուհիների՝ Նարինեի ու Մանյունյայի, խիստ ու բարի Տայի՝ Մանյունյայի տատիկի, ինչպես նաև շարունակ շիլաշփոթ իրավիճակներում հայտնվող բազմաթիվ ազգականների մասին: Քնքուշ ու ծիծաղաշարժ դիպվածներով լի մանկություն, որ մարդուն երջանկացնում է ողջ կյանքում: Գիրքն արժանացել է Ռուսաստանի ազգային գրական՝ «Տարվա ձեռագիր» մրցանակին:

Յոթերորդ հորիզոնականում է «Աստիճան ըստ ցելսիուսի» գիրքը: Այն ներառում է Իրանի ժամանակակից հեղինակների բանաստեղծությունները: Ներկայացված են Իրանի` մոտ 3 տասնյակ ժամանակակից հեղինակների 200-ից ավելի բանաստեղծություն: Գիրքը ունի 36 թեմատիկ բաժին։Եվս 6 բանաստեղծություն պատմում են սկզբի և ավարտի մասին։ Թարգմանիչ և կազմող՝ Էդիկ Պողոսյան:

Ութերորդ հորիզոնականում Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկեր» վեպն է: Այն  պատմություն է պատերազմի հետքերն իրենց վրա կրող երիտասարդների մասին: Ռոբերտ Լոհքամփի, Օտտո Քյոսթերի և Գոթֆրիդ Լենցի ընկերությունը կոփվել է պատերազմի դաշտում: Կորցնելով շատ հարազատ մարդկանց, տեսնելով մահը, կյանքի համար պայքարը, ցավը, զգալով վախն իր գերագույն արտահայտությամբ՝ այս ընկերները ամուր կառչած են իրարից, նրանց հիշողությունները, տառապանքները և ճակատագրերը շատ նման են իրար: Գիրքը համաշխարհային գրականության գլուխգործոցներից է: Թարգմանիչ՝ Վանուհի Բաղմանյան:

Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» հանրահայտ ստեղծագործությունը իններորդն է:  Այն Ուայլդի միակ հրատարակված վեպն է և աշխարհում ամենաընթերցվող գրքերից։ Առաջին անգամ լույս է տեսել 1890 թվականի հուլիսին անգլիական թերթերից մեկում։ Թարգմանությունը՝ Ռիմա Խաչատրյանի: 

Տասներորդ հորիզոնականն է զբաղեցնում Պաուլու Կոելյոի «Պիեդրա գետի ափին նստեցի ու լաց եղա» գիրքը: Վեպը «Յոթերորդ օրը» եռագրության առաջին գիրքն է, որին հաջորդում են «Վերոնիկան որոշում է մեռնել» ու «Դևը և օրիորդ Պրիմը» վեպերը: Պիլարի սիրո պատմության հիմքում Աստծու կանացի դեմքի բացահայտումն է: «Ով սիրում է, տերն է աշխարհի ու վախենում կորցնելուց: Ճշմարիտ սերն անմնացորդ նվիրումն է»: Վեպում կարևորվում է այդ նվիրման կարևորությունը: Պիլարն ու նրա ընկերը մտացածին կերպարներ են, բայց խորհրդանշում են այն բազում ներքին հակասությունները, որ ուղեկցում են մեզ Երկրորդ Կեսի որոնումներում: Վաղ թե ուշ պետք է հաղթահարենք մեր վախերն ու նախապաշարմունքները, քանզի հոգևոր ուղին հարթվում է սիրո հանապազօրյա փորձությամբ: Պորտուգալերենից թարգմանեց Աննա Մարությանը:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66) գրախանութների ցանցերը:

Տեղ. Փոփ. Գիրք Հրատ. Քանակ 1 նոր Ուիլյամ Սարոյան «Հայրիկ, դու խենթ ես» Անտարես 50 2 0

Ջոն Գրին

«Աստղերն են մեղավոր» 

Էդիթ Պրինտ 37 3 նոր Էրիխ Մարիա Ռեմարկ «Արևմտյան ճակատում նորություն չկա» Էդիթ Պրինտ 36 4 0 Պաուլու Կոելյու «Ալքիմիկոսը»   Անտարես 35 5 * Ռեյ Բրեդբըրի «Ֆարենհայթ 451» Զանգակ 33 6 -5 Նարինե Աբգարյան «Մանյունյա» Դար 26 7 նոր «Աստիճան ըստ ցելսիուսի»  Մետրո 24 8 -1 Էրիխ Մարիա Ռեմարկ «Երեք ընկեր» Էդիթ Պրինտ 22 9 0 Օսկար Ուայլդ «Դորիան Գրեյի դիմանկարը» Էդիթ Պրինտ 21 10 * Պաուլու Կոելյու, «Պիեդրա գետի ափին նստեցի ու լաց եղա» Անտարես 20


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am