Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել «Ֆրանկոֆոն աշխարհի հայ ճարտարապետները» թեմայով կոնֆերանս

Armenpress 20:37, 10 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում այսօր տեղի է ունեցել «Ֆրանկոֆոն աշխարհի հայ ճարտարապետները» թեմայով կոնֆերանս, որին զեկույցով հանդես են եկել Կոմիտեի նախագահի խորհրդական Արմեն Մինասյանը և թանգարան-ինստիտուտի գիտական քարտուղար Աշոտ Գրիգորյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  ՀՀ քաղաքաշինության կոմիտեի մամուլի ծառայությունից, ներկաներին ողջունել են թանգարանի տնօրեն Ռուբեն Արևշատյանն ու «Քաղաքաշինարարներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության նախագահ Մագի Քազալը:

Արմեն Մինասյանը ներկայացրել է ֆրանկոֆոն իրանահայ չորս ճարտարապետների` Գաբրիել Գևրեկյանի, Վարդան Հովհաննիսյանի, Պոլ Աբգարի և Քրիստափոր Թադևոսեանի կյանքն ու գործունեությունը, անդրադառնալով, թե ինչ հետք են թողել նրանք թե´ Իրանի, թե´ համաշխարհային ճարտարապետության արդիականացման գործում:

Աշոտ Գրիգորյանը իր զեկույցով ներկայացրել է աշխարհով մեկ սփռված հայ ճարտարապետների ստեղծագործական ժառանգության հավաքման, ուսումնասիրման և հանրահռչակմանն ուղղված աշխատանքները, որը սկսվել է թանգարանի կազմավորման օրից:

Կոնֆերանսի ավարտից անմիջապես հետո թանգարանում բացվել է «Ֆրանկոֆոն երկրների հայ ճարտարապետների ստեղծագործությունները» խորագրով ցուցահանդեսը, որին ներկայացված են ֆրանսահայ տասը ճարտարապետների՝ Միքայել Մովսիսյանի, Էդուարդ Ութունջյանի, Գրիգոր Կալայցյանի, Պիեր Մինասյանի, Արիս Ատամիանի, Աբրո Խանջյանի, Մարտիրոս Ալթունյանի, Լևոն Նաֆիլյանի, Պերճ Միքայելյանի, Ժան Հանեմիանի, լիբանանահայ չորս ճարտարապետների՝ Վիգեն և Րաֆֆի Թարխանյանների, Վազգեն Չեքիջէանի, Տիրան Հարմադյանի, կանադահայ ճարտարապետ Հուրի Ավետիսյանի և «Քուադրում» ճարտարապետական արվեստանոցի աշխատանքները, ընդհանուր առմամբ` 41 վահանակ և 6 մանրակերտ:

Ցուցահանդեսը գործելու է մինչև տարեվերջ:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am