Թուրքիայի գլխավոր ընդդիմադիրը պահանջում է արտաքսել սաուդացի դիվանագետներին

Armenpress 19:11, 10 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն պահանջում է Թուրքիայից արտաքսել սաուդացի դիվանագետներին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Քըլըչդարօղլուի պահանջը կապված է հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսություն մտնելուց հետո անհետացած սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշքաջիի գործի հետ:

Քըլըչդարօղլուն նշել է, որ Թուրքիան պետք է ավելի կոշտ և կտրուկ քայլեր ձեռնարկի լրագրողի անհետացման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ, գտնի և արդարադատությանը հանձնի այդ գործում ներգրավված մեղավորներին:

«Այս ամենից բացի, պետք է վերանայվեն նաև Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները»,- հավելել է Քըլըչդարօղլուն:

Թուրքական ոստիկանությունը որոնում է սև բեռնատար, որում հնարավոր է գտնվի հոկտեմբերի 2-ին Ստամբուլում անհետացած լրագրողը:

Ջամալ Հաշքաջիի անհետացման գործով հետաքննություն իրականացնող թուրքական ոստիկանությունը հակված է այն վարկածին, որ սաուդացի լրագրողը սպանվել է:

Թուրքական ոստիկանությունը մանրամասն ուսումնասիրում է հյուպատոսության տարածքը հսկող անվտանգության 150 տեսախցիկների արձանագրած կադրերը:

Տեսախցիկների արձանագրած կադրերը հստակ ֆիքսել են լրագրողի մուտքը հյուպատոսություն, սակայն չկա գեթ մեկ կադր, որը ֆիքսած լինի լրագրողի հյուպատոսությունից դուրս գալը:

Հետաքննության արդյունքների համաձայն՝ լրագրողի սպանության մեջ կասկածվում է 7 անձ, որոնք նրա անհետացման օրը 2 տարբեր օդանավերով ժամանել են Ստամբուլ, Հաշքաջիի հյուպատոսություն մտնելուց կես ժամ առաջ մտել են հյուպատոսության շենք, մոտ մեկուկես ժամ անց դուրս եկել և գնացել 3 տարբեր ուղղություններով: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am