1000х90.jpg (78 KB)

Նիկոլ Փաշինյանն ակնկալում է, որ խորհրդարանական ուժերը հաշվի կնստեն քաղաքական իրողությունների հետ

Armenpress 16:26, 10 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ իր ցանկությունը միշտ էլ եղել է երկրում տիրող քաղաքական լարված իրավիճակին հանգուցալուծում տալը: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետն ընդգծեց, որ ինքը իր գործընկերներին, խորհրդարանական ուժերին դիմել է հորդորով, կոչով, խնդրանքով, որ չարժե ներքաղաքական վիճակը լարել: «Կան իրողություններ, որոնց հետ պետք է հաշվի նստել: Ես ինքս հանրության, բոլորի առաջ բազմիցս պարտավորվել եմ քաղաքական իրողությունների  հետ հաշվի նստել և, բնականաբար, նույնն ակնկալում եմ մեր բոլոր գործընկերներից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Փաշինյանը:

Հարցին՝ երկրում սիրո և համերաշխության մթնոլորտը վերականգնվե՞լ է, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Հիմա ես դրա վրա եմ աշխատում»:

Անդրադառնալով հարցին, թե կադրերի առումով ի՞նչ տեսք կունենա ապագա Ազգային ժողովը, ՀՀ վարչապետն ասաց, որ դա ժողովուրդն է որոշելու:

Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև իր կառավարության հասցեին հնչող քննադատությունների մասին: «Ես ուշադիր հետևում եմ մեր հասցեին հնչող բոլոր քննադատություններին, բոլորը ի գիտություն եմ ընդունում և կարևոր եմ համարում: Բացառվում է, որ որևէ մեկը ինձ  ավելի կոշտ քննադատության ենթարկի, քան ես ինքս դա կարող եմ անել: Այսինքն, որևէ մեկը չի կարող ավելի կոշտ քննադատության ենթարկել մեր կառավարությանը, քան ինքս եմ դա անում ամեն օր»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Խոսելով կառավարության կադրային քաղաքականության մասին՝ վարչապետն ասաց, որ բացարձակապես խնդիր չեն դրել, որ Հայաստանում կառավարման մեջ պետք է ներգրավված լինեն միայն կուսակցական կադրեր: Նա հավաստիացրեց, որ այդ հարցում կուսակցական սկզբունքն առաջնային չի լինելու:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am