1000х90.jpg (78 KB)

Թուրք-իրաքյան սահմանին թուրքական ռազմաբազա է հրթիռակոծվել

Armenpress 20:50, 9 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք-իրաքյան սահմանի Հաքարի նահանգի Չուքուրջա շրջանում թուրքական ռազմաբազա է հրթիռակոծվել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:

Տեղեկության համաձայն՝ թուրքական ռազմաբազան հրթիռակոծվել է Իրաքի հյուսիսում տեղակայված «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK/ՔԱԿ) զինյալների կողմից:

Արձակվել է երկու հրթիռ, ինչի հետևանքով 1 թուրք զինվոր սպանվել է, 3-ը՝ վիրավորվել:

Հրթիռակոծության հետևանքով վիրավորվել է նաև ռազմաբազայի մոտակա գյուղերից մեկի բնակիչ:

Հոկտեմբերի 4-ին Թուրքիայի Բաթմանի նահանգում զինվորական ավտոշարասյուն էր պայթեցվել, ինչի արդյունքում կային զոհեր և վիրավորներ:

Տեղեկության համաձայն՝ պայթյունն իրականացվել էր «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների կողմից:

Պայթյունի հետևանքով զոհվել էր թուրքական զինված ուժերի 7 զինծառայող:

1980-ականներից սկսված թուրք-քրդական բախումները 2015թ. ամռանից նոր թափ են ստացել: Թուրքիայի տարբեր շրջաններում Թուրքական ԶՈՒ-ի եւ Քրդստանի աշխատավորական կուսակցության մարտիկների միջեւ ռազմական գործողություններ են ընթանում:

«Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» (PKK) հիմնադրվել է 1978թ. Աբդուլլահ Օջալանի գլխավորությամբ:

PKK գլխավոր նպատակն է Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am