#CultTalk. Հույս ունենք, որ մեր տաղանդավոր երիտասարդները կկարողանան այստեղ մնալ և աշխատել. Լևոն Չիլինկիրյան

Armenpress 11:50, 9 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնաբնակ հայտնի ջութակահար Լևոն Չիլինկիրյանը Հայաստանում է: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կազմակերպած Երևանյան 12-րդ միջազգային երաժշտական փառատոնի հյուրն է, արդեն իսկ հասցրել է փառատոնի շրջանակում հոկտեմբերի 5-ին հանդես գալ ելույթով: «Արամ Խաչատրյան» համերգասրահում ՀԱՖՆ-ի երաժիշտների և հրավիրյալ արտիստների հետ ներկայացրել է մի շարք ստեղծագործություններ, այդ թվում՝ Տիգրան Մանսուրյանի «Տատանումներ»  երկու թավջութակով կվինտետը: Առաջիկայում արտիստը ևս մեկ համերգ ունի հայրենիքում: «Արմենպրես»-ի հետ զրույցում Լևոն Չիլինկիրյանը պատմում է փառատոնի շրջանակում թավջութակահար Սթիվեն Իսերլիսի հետ համերգի, գործիքի ընտրության ու ոլորտի խնդիրների մասին:

Համերգ՝ Սթիվեն Իսերլիսի հետ

Հոկտեմբերի 10-ին համերգ կունենանք Սթիվեն Իսերլիսի հետ: Իսերլիսը մոտ ընկերս է, երկուսս էլ Լոնդոնում ենք ապրում: Երկրաշարժից հետո 1989-ի սկզբին միասին եկանք Հայաստան և Բրամսի Կրկնակի կոնցերտը նվագեցինք: Եղանք նաև Գյումրիում.տպավորիչ և շատ տխուր օրեր էին: Դրանից հետո Սթիվենը սերտ կապ ունի Հայաստանի հետ: Նրա 60-րդ տարեդարձն է, իմ՝ 70-րդ: Համերգին Սթիվենը Դվորժակի Թավջութակի կոնցերտն է նվագելու, ես՝ Մոցարտի Ջութակի երրորդ կոնցերտը: Ընթացքում միասին Բրամսի՝ Ջութակի և թավջութակի կրկնակի կոնցերտից մի հատված կնվագենք:

Երաժշտական փառատոնի մասին

Կարծում եմ, որ Երևանյան միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում հոյակապ աշխատանք են անում Էդուարդ Թոփչյանը և Ալեքսանդր Չաուշյանը: Այստեղ տեսա Էմանուել Պայուին, Սերգեյ Խաչատրյանին: Մակարդակը շատ բարձր է, շատ լավ է, որ ամենակարևոր և լավ երաժիշտներին են հրավիրում, որ նվագեն Երևանում: Փոքր միջոցներով մեծ աշխատանք է կատարվում: Նվագախումբը հոյակապ է նվագում: Գիտեմ, որ շուտով Փիթեր Ունջյանը պետք է գա Հայաստան, շատ լավ ճանաչում եմ նրան:

Գործիքի ընտրություն

Իմ ընտանիքում ինձնից առաջ երեք ջութակահար կար: Իմ մեծ մորեղբայրս՝ Վահան Բեդելյանը, Ադանայից էր, ջարդերից հետո Կիպրոս տեղափոխվեց: Հասնելուն պես երգչախումբ կազմեց: Ամենակարևորն իր համար երաժշտությունն էր: Բեդելյանը ջութակահար էր: Ես Կիպրոսում եմ ծնվել: Այնպես էր ստացվել, որ Կիպրոսում ով Բեդելյանի մոտ ընկներ, ձեռքը ջութակ էր հայտնվում:

Մնալ Հայաստանում և աշխատել

Հայաստանի համար գլխավոր խնդիրն այն է, որ շատ լավ երաժիշտներ ունենք, ովքեր աշխատում են, սովորում են, որոշ մակարդակի են հասնում և ապագա չունեն այստեղ: Մենք շատ ենք գնահատում հեղափոխական նոր շարժումը, բայց նաև հույս ունենք, որ առիթ կստեղծվի, որ մեր տաղանդավոր երիտասարդները կկարողանան այստեղ մնալ և աշխատել: Արվեստը և երաժշտությունը նույնքան կարևոր են, որքան բիզնեսը: Մեր արվեստով է, որ ներկայացված ենք աշխարհում:

Ամենամեծ ցանկությունս է, որ տաղանդները մնան այստեղ  և աշխատեն, ինչու ոչ՝ գնան արտասահման, կրթություն ստանան, բայց վերադառնան:

Մյուս կողմից, մեծ ցանկություն ունեմ, որ կամերային երաժշտությունը զարգանա: Այն մտայնությունը, որ եթե մենակատար չես, ձախողված ես, ինձ շատ է զայրացնում: Մեր երեխաներին պետք է այնպես դաստիարակենք, որ միասին նվագելու ցանկություն ունենան:

Շատ լավ սերունդ ունենք հիմա՝ Սերգեյ Խաչատրյանի սերունդը: Նոր սերունդն աշխարհն է գրավում: Մենք էլ հաջորդներին ենք սպասում, որ այստեղ ապրեն և աշխարհը շրջեն:

Ակտիվ գործունեություն

Իմ հիմնադրած «Չիլինկիրյան» լարային քառյակը 47 տարեկան է, նվագում ենք, համերգներով հանդես ենք գալիս: Հիմա խենթի պես չենք վազում, բայց ելույթներ ունենում ենք: Թավջութակահարը Սթիվեն Օրթոնն է, ալտահարը՝ Սյուզի Մեզարոշը, երկրորդ ջութակահարը՝ Մարկ Բաթլերը: Դրանից բացի ես Լոնդոնի երաժշտության թագավորական ակադեմիայի և Գիլդհոլ երաժշտության և դրամայի դպրոցի պրոֆեսոր եմ, երկու տեղն էլ ջութակի և կամերային երաժշտության դասեր եմ տալիս:

Տարբեր երկրներ գնում եմ ոչ միայն համերգներով հանդես գալու, այլև վարպետության դասեր անցկացնելու: Հայաստանից հետո Լոնդոն եմ գնալու, հոկտեմբեր-նոյեմբեր այնտեղ եմ, համերգներ ունեմ քառյակի հետ:

Նախագծի հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան

Լուսանկարները՝ Էդուարդ Սեպետչյանի



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am