Պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանն այցելել է պետական և մասնավոր մի շարք տնտեսություններ

Armenpress 10:35, 8 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հոկտեմբերի 7-ին աշխատանքային այց  է կատարել Ասկերանի շրջանում գտնվող պետական և մասնավոր մի շարք տնտեսություններ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության պետնախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, պետական նախարարը նախ այցելել է գյուղատնտեսության նախարարության ենթակայությամբ գործող «Տոհմային կայան» ՓԲԸ, որտեղ շրջայց է կատարել՝ ծանոթանալով ստեղծված պայմաններին: Նա մասնավորապես հետաքրքրվել է կաթի մթերման ծավալներով, տեղական նախրի բարելավման ծրագրի շրջանակում հորթերի, ցուլերի ու երինջների տրամադրմամբ, ինչպես նաև առկա խնդիրներով և արել մի շարք դիտարկումներ: Գ. Մարտիրոսյանի խոսքով՝ պետական միջոցներով արդի չափանիշներին համապատասխան կառուցված տոհմային կայանը հանրապետության անասնապահության զարգացման համար պետք է կարևոր կենտրոն դառնա, որտեղ, օրինակ, գործնական գիտելիքներ ձեռք կբերեն բուհերի համապատասխան մասնագիտությունների գծով սովորող ուսանողները:

Պետնախարարի հաջորդ այցը եղել է «Գյուղի ու գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի չորանոցային տնտեսություն, որտեղ ներկայացվել են բերքի ընդունման ծավալներն ու դրա օրական մշակման հնարավորությունները: Գ. Մարտիրոսյանը կարևորել է չորանոցային տնտեսության գործառույթներն՝ ընդգծելով որ Արցախի գյուղատնտեսության մեջ որոշ նոր մշակաբույսերի մշակման գործում այն խթանում է հողօգտագործողների հետաքրքրությունը:

Պետական նախարարը այցելել է նաև մասնավոր միջոցներով հիմնվող այգի, որտեղ համապատասխան լիցենզավորում ստացած ընկերության կողմից պետական աջակցության ծրագրի շրջանակում իրականացվում են ոռոգման կաթիլային համակարգի տեղադրման աշխատանքներ: Գ. Մարտիրոսյանը նշել է, որ ծրագիրը մեծ պահանջարկ ու արդյունավետություն ունի և այն շարունակելու ու ընդլայնելու նպատակով գալիք տարվա պետական բյուջեով նախատեսվում է ավելի շատ միջոցներ հատկացնել:

Նշենք, որ պետական նախարարին այցի ընթացքում ուղեկցում էին ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը և «Գյուղի ու գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի տնօրեն Տիգրան Ծատրյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am