«Գյուլբուդաղյանցի ընտրությունը ամենաօպտիմալ տարբերակն է». Արմեն Մելիքբեկյան

Armenpress 21:30, 7 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՖՖ Առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Արմեն Մելիքբեկյան խոսել է հավաքականի նորանշանակ մարզիչ Արմեն Գյույբուդաղյանցի նշանակման մասին:

«Մեր կարծիքով Արմեն Գյուլբուդաղյանցը լավագույնս տիրապետում է իրավիճակին, գիտի ֆուտբոլիստների կարողությունները և ունակ է լավագույնս աշխատել ազգային հավաքականի հետ: Հաջողություն ենք մաղթում նրան՝ համոզված լինելով, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը կանի առավելագույնը, որպեսզի թիմը արժանապատիվ խաղ ցուցադրի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մելիքբեկյանի խոսքերը փոխանցում է ՀՖՖ-ը:

Խոսելով այն մասին, թե եղել են արդյոք այլ թեկնածուներ ՀՖՖ առաջին փոխնախագահը փաստել է. « Արմեն Գյուլբուդաղյանցն առաջին իսկ օրվանից եղել է թեկնածուների շարքում. ավելին՝ մենք նախնական համաձայնություն ենք ձեռք բերել պարոն Գյուլբուդաղյանցի հետ, որ նա ամեն դեպքում աշխատելու է ազգային հավաքականի շտաբում: Նա իրականացրել է մինչև հավաքն ընկած ժամանակահատվածում անհրաժեշտ գործողությունները՝ հրավիրել արտասահմանում հանդես եկող ֆուտբոլիստներին, հավաքի ծրագիր մշակել: ՀՖՖ-ն նաև բանակցել է մի շարք արտասահմանցի մարզիչների հետ, որոնցից երկուսը համաձայնել են Հայաստան ժամանել՝ ավելի սերտորեն բանակցելու և պայմաններին ծանոթանալու համար: Այդ մարզիչներն են եղել իտալացիներ Ջիանի դե Բիազին և Դելիո Ռոսսին: Նրանք նախապես իմացել են, որ մենք քննարկում ենք նաև այլ մարզիչների թեկնածություններ: Ծանոթանալով իրավիճակին, ուսումնասիրելով Հայաստանի հավաքականի մասնակցությամբ վերջին խաղերը՝ երկու մարզիչն էլ եկել են այն եզրակացության, որ պատրաստ չեն մինչև գալիք հանդիպումները մնացած կարճ ժամանակահատվածում գլխավորել ազգային հավաքականը»:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am