Արցախի Հանրապետության ԱԳ նախարարն ընդունել է ԿԽՄԿ առաքելության նորանշանակ ղեկավարին

Armenpress 18:41, 5 Հոկտեմբեր, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 5-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Արցախում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության նորանշանակ ղեկավար Պիեր-Էմանուել Դուկրուեին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  ԱՀ ԱԳՆ-ից, հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում հանրապետությունում ԿԽՄԿ առաքելության գործունեությանը վերաբերող մի շարք հարցերի շուրջ։ Պիեր-Էմանուել Դուկրուեն գոհունակություն է հայտնել Արցախի Հանրապետության համապատասխան պետական կառույցների ու ԿԽՄԿ գրասենյակի  միջև համագործակցության մակարդակի առնչությամբ և ներկայացրել առաջիկա շրջանի համար նախատեսվող ծրագրերը։

Մասիս Մայիլյանը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել հանրապետությունում Կարմիր Խաչի առաքելությանը՝ կարևորելով Արցախում մարդասիրական խնդիրների լուծմանն ուղղված ԿԽՄԿ գրասենյակի գործունեությունը:

  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am