ՃՇՀԱՀ-ն ընդլայնում է Նյու Ջերսիի Ռադգերսի պետական համալսարանի հետ համագործակցությունը

Armenpress 15:29, 5 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարևորելով շինարարության ոլորտում ենթակառուցվածքների ռիսկերի կառավարումը և արտակարգ իրավիճակներում արձագանքման կառավարման միջազգային առաջատար շինարար – գիտնականների փորձի փախանակումը՝ ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալասարանը (ՃՇՀԱՀ) ընդլայնում է Նյու Ջերսիի Ռադգերսի պետական համալսարանի հետ համագործակցությանշրջանակները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալասարանի մամուլի քարտուղար Ժասմին Վիլյանը, 2018-ի հոկտեմբերի 5-ին Նյու Ջերսիի Ռադգերսի պետական համալսարանի, ՀՕՖ-ի, ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցության, ՃՇՀԱՀ-ի և Հայաստանի ամերիկյան համալսարանի համագործակցության շրջանակներում՝ ՃՇՀԱՀ-ում, մեկնարկեց ԱՄՆ-ից ժամանած առաջատար գիտնականների դասախոսությունների շարքը, որում առաջին անգամ ներգրավված են «Ռիսկերի կառավարում» և «Արտակարգ իրավիճակներում արձագանքման կառավարում» թեմաներով դասախոսությունները։ Վերապատրաստման դասախոսությունները կշարունակվեն մինչև հոկտեմբերի 11-ը, որի ընթացքում կներկայացվեն «Շուկայագիտություն, գործարարություն, զարգացում և վաճառք», «Ռիսկերի կառավարում», «Էներգետիկ համակարգերի կառավարում», «Ենթակառուցվածքային ծրագրերում էներգետիկ համակարգերի կառավարման բնապահպանական ասպեկտները», «Հեղուկացման գործընթացի մեղմացման հետևանքով հիմքերի բարելավման մեթոդներ», «Արտակարգ իրավիճակներում արձագանքման կառավարում», «Ձեռներեցություն» և «Նյու Յորքի մետրոպոլիտենի թիվ 7 երթուղու նախագծում և շինարարություն» թեմաները։

«Համագործակցությունը միջազգային ճանաչում ունեցող համալսարանների և կառույցների հետ մեծ խթան է կրթության որակի բարձրացման և պահանջարկված մասնագետներ թողարկելու գործում»,- ողջունելով ներկաներին ասաց ՃՇՀԱՀ-ի  ռեկտոր Գագիկ Գալստյանը:

ՃՇՀԱՀ-ի չորս ներկայացուցիչներ անցել են վերապատրաստումներ՝ ստանալով Ռադգերսի պետական համալսարանի համապատասխան վկայականներ, ինչը հնարավորություն է տվել այդ մասնագետներին դասավանդել  «Նախագծերի կառավարում» մագիստրոսական կրթական նոր մոդուլը, որի արդյունքում այդ ծրագրին մասնակցած մագիստրոսների ստացած կրեդիտը ճանաչվում է Ռադգերսի պետական համալսարանի կողմից, ինչպես նաև նրանց է հանձնվում հավաստագիր Ռադգերսի համալսարանի կողմից առ այն, որ «Նախագծերի կառավարում» մագիստրոսական կրթական նոր մոդուլը համապատասխանում է Ռադգերսի համալսարանի չափանիշներին։

Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն հայտնեցին համագործակցությունից։ Հետևելով այս ծրագրի ընթացքին և ստացված արդյունքներին ՀՕՖ-ի գործադիր տնօրեն Գառնիկ Նանագուլյանը առաջարկեց․ <Անհրաժեշտ է քննարկել հաջորդ ուսումնական տարվա համար այս ծրագրի ընդլայնման ուղղությունները>։

2018թ. մայիս-հունիս ամիսներին ՃՇՀԱՀ-ում անցկացվեց <Շինարարական նախագծերի կառավարում> երկշաբաթյա դասընթաց, որը վարում էին Ռատգերսի համալսարանի դասավանդման հավաստագրերստացած ՃՇՀԱՀ 4 դասախոսներ: Դասընթացին մասնակցածշինարարության ֆակուլտետի 23 ուսանողներ հոկտեմբերի 9-ին կստանան Ռատգերսի համալսարանի հավաստագրեր:   

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am