ԱՄՆ կոնգրեսականը Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչների հետ քննարկել է «Ինջիրլիք» ռազմաբազայից ԱՄՆ-ի կախվածությունը նվազեցնելու հարցը

Armenpress 13:58, 29 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հետախուզության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Դեվին Նունյեսը ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայից  ԱՄՆ-ի կախվածությունը նվազեցնելու հարցը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են կարևոր հարցեր՝ սկսած Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչումից, մինչև Թուրքիայում մեր «Ինջիրլիք» ռազմական բազայից որոշ գործառույթներ այլ վայր տեղափոխելու հարցը»,- հանդիպումից հետո ասել է Նունյեսը:

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը իր հերթին նշել է, որ Թուրքիան երկար ժամանակ օգտագործել է «Ինջիրլիք» ռազմաբազան՝ ԱՄՆ-ին պատանդ պահելու համար:

Թուրքիայի հարավում տեղակայված «Ինջիրլիք» ավիաբազան հիմնվել է 1954թ. Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև համատեղ օգտագործման համաձայնագրի հիման վրա: Այն հանդիսանում է Մերձավոր Արևելքում և Աֆղանստանում ԱՄՆ-ի ռազմական օպերացիաների հիմնական կապուղին: Այս տարվա մարտին Wall Street Journal-ը հաղորդել էր, որ ԱՄՆ-ն կտրուկ կրճատել է ռազմական ներկայացվածությունը «Ինջիրլիք» ավիաբազայում՝ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև վատացող հարաբերությունների պատճառով:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am