«Երևանյան բեսթսելեր». «Թքած ունենալու նուրբ արվեստը» կրկին առաջին տեղում է. փաստավավերագրական. օգոստոս, 2018  

Armenpress 10:29, 28 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության  «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական  ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Ցանկում չեն ներառվել հանրագիտարանները:

Առաջին հորիզոնականում է Մարկ Մենսոնի «Թքած ունենալու նուրբ արվեստը» գիրքը: Ինքնակատարելագործման այս ձեռնարկում հայտնի բլոգերը սովորեցնում է, որ երջանիկ լինելու համար պետք է ոչ թե անընդհատ ձևեր թափել, իբր ամեն ինչ լավ է, այլ պետք է կարողանալ նայել դժվարությունների աչքերին։ Մեզ տասնամյակներ շարունակ սովորեցրել են, որ երջանիկ և հարուստ լինելու համար պետք է ունենալ դրական մտածելակերպ։ Բայց այդ դարաշրջանն ավարտվել է։ Հեղինակը գիտական հետազոտություններով ու սև հումորի օգնությամբ բացատրում է, որ կյանքի որակը լավացնելու համար ոչ թե պետք է կիտրոնը լիմոնադ դարձնել, այլ պարզապես պետք է ուտել այն։ Մենսոնը եզակի մտերմության ազդեցիկ միջավայր է ստեղծում` անձնական պատմություններ պատմելով և երբեմն անպատշաճ հումորով։

Երկրորդ հորիզոնականում է Քըրք Քըրքորյանի մասին պատմող Ուիլյամ Չ. Ռեմփելի «Խաղացողը» գիրքը: Այն ներկայացնում է Ամերիկայի ֆինանսական աշխարհի ամենահարուստ և սակավաճանաչ հսկաներից մեկի՝ ամեն ինչ ինքնուրույն ձեռք բերած միլիարդատիրոջ՝ ցնցոտիներից մինչև հարուստ կյանքի հասնելու պատմությունը: Քըրք Քըրքորյանը Ամերիկայի առաջամարտիկ օդաչուներից էր, կինոմագնատ, ռիսկի սիրահար և գործարար աշխարհի հսկաներից, որը վերափոխելով Լաս Վեգասն ու Հոլիվուդը, դարձավ երկրի խոշոր ֆինանսիստներից մեկը: Նրա կյանքի պատմությունն արտացոլում է Առաջին աշխարհամարտի օդաչուի սառնասիրտ համարձակությունը, կռվարար բռնցքամարտիկի հաստատակամությունը, խորհրդավոր, անընթեռնելի խաղացողի խորամանկությունը և գործարքների անզուգական հանճարը: Թեև նա երբեք թույլ չի տվել, որ իր անունը փակցնեն որևէ շենքի վրա, 2015 թվականին, երբ նա մահացավ, նրան էր պատկանում Լաս Վեգասի ամենախոշոր հյուրանոցների ու խաղատների մեծ մասը:

Ստեփան Գրիգորյանի «Հայկական թավշյա հեղափոխությունը» գիրքը երրորդ հորիզոնականում է: Գրքում ներկայացվում է վերջին մի քանի տարիներին Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակը, ինչպես նաև երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացների ժամանակագրությունն ու վերլուծությունը՝ սկսած 2018 թ. մարտի 31-ից (երբ ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր կողմնակիցների հետ Գյումրի քաղաքի կենտրոնական Վարդանանց հրապարակից սկսեց քայլարշավը մինչև Երևան), մինչև մայիսի 8-ը, երբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստում Նիկոլ Փաշինյանն ընտրվեց վարչապետ:

Չորրորդ հորիզոնականում է Էրիխ Ֆրոմի «Սիրելու արվեստը» գիրքը: Այն միջազգային բեսթսելեր է, որ 60 տարի է, ինչ ցույց է տալիս միլիոնավոր ընթերցողների, թե ինչպես հասնել լիառատ, արդյունավետ կյանքի` զարգացնելով սիրո` իրենց թաքնված կարողությունները: «Սիրելու արվեստը» դասական գործում Ֆրոմը բացահայտում է սերն իր բոլոր կողմերով:

Հինգերորդ հորիզոնականն է զբաղեցնում Սթիվեն Քովիի «Ամենաարդյունավետ մարդկանց 7սովորույթները» գիրքը: Հեղինակը ներկայացնում է ամբողջական, սկզբունքների վրա հիմնված մոտեցում անձնական և մասնագիտական խնդիրների լուծման համար: Քովին խորաթափանց դիտարկումներով և սուր պատմություններով քայլ առ քայլ բացահայտում է արդարությամբ, ազնվությամբ և մարդկային արժանապատվությամբ ապրելու ճանապարհը՝ սկզբունքներ, որոնք մեզ տալիս են փոփոխություններին հարմարվելու ապահովություն, ինչպես նաև իմաստություն և ուժ՝ օգտվելու այն հնարավորություններից, որ փոփոխությունն է ստեղծում:

Վեցերորդ հորիզոնականում Նապոլեոն Հիլի «Մտածի՛ր և հարստացի՛ր» գիրքն է: Ամերիկացի հեղինակի հանրահայտ գրքում ներկայացված են հարստանալու, դրամ ստեղծելու քայլերն ու միջոցները, որոնք հիմնված են ինչպես հեղինակի սեփական, այնպես էլ շատ մեծահարուստների փորձի վերլուծության վրա, կիրառվել և օգտակար են եղել բազմաթիվ մարդկանց հաջողակ դառնալու համար: 

Դեյլ Քառնեգիի «Ինչպես ազդել մարդկանց վրա խոսքի միջոցով» գիրքը յոթերորդն է: Այս գիրքը բոլոր այն մարդկանց համար է, ովքեր առաջինը լինելու նպատակ ունեն: Քառնեգին յուրաքանչյուր էջում ցույց է տալիս, թե ինչպես է իր մեթոդաբանության միջոցով գրավել ու պահպանել մարդկանց ուշադրությունը:

Հենրի Ֆորդի «Իմ կյանքը, իմ նվաճումները» գիրքը ութերորդ հորիզոնականում է: Հռչակավոր գյուտարարը, մեքենաշինության հայրերից մեկը պատմում է իր կյանքի պատմությունը, հաջողություններն ու հիասթափությունները։ Ընթերցելով Հենրի Ֆորդի գիրքը, դուք կսովորեք աշխատել եւ ստեղծել արժեքներ։ Հանրահայտ գիրքը կօգնի հասկանալ, թե ինչ է անհրաժեշտ կտրուկ առաջ ընթանալու համար։

Իններորդ տեղում է ամերիկացի նշանավոր փիլիսոփա, գրող, քաղաքական գործիչ, դիվանագետ, գիտնական և գյուտարար Բենջամին Ֆրանկլինի «Ինքնակենսագրություն» գիրքը: Ինչպես և Ռուսոն՝ իր «Խոստովանության» մեջ Ֆրանկլինը ստեղծում է բարոյախրատական էսսե, որի մեջ հաստատվում է լուսավորական դարի իդեալը:

Տասներորդ հորիզոնականն է զբաղեցնում Դեյլ Քառնեգիի մեկ այլ՝«Ինչպես հաղթահարել անհանգստությունը և ապրել երջանիկ» գիրքը: Քառնեգիի խորհուրդների շնորհիվ միլիոնավոր մարդիկ ազատվել են մանրուքների պատճառով անհանգստանալու սովորույթից: Նրանք հաղթահարել են իրենց վախը և վստահ առաջ են քայլում: Այս գրքում ներկայացված են գործնական խորհուրդներ՝ սեփական կյանքն ավելի երջանիկ ու անհոգ դարձնելու համար:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ 1 0 Մարկ Մենսոն, «Թքած ունենալու նուրբ արվեստը» Newmag 1546 2 նոր Ուիլյամ Չ. Ռեմփել, «Խաղացողը» Էդիթ Պրինտ 217 3 նոր Ստեփան Գրիգորյան, «Հայկական թավշյա հեղափոխությունը» Էդիթ Պրինտ 72 4 +3 Էրիխ Ֆրոմ, «Սիրելու արվեստը» Էդիթ Պրինտ 50 5 -3 Սթիվեն Քովի, «Ամենաարդյունավետ մարդկանց 7սովորույթները»  Էդիթ Պրինտ 42 6 -1 Նապոլեոն Հիլ, «Մտածի՛ր և հարստացի՛ր»   Զանգակ 27 7 * Դեյլ Քառնեգի, «Ինչպես ազդել մարդկանց վրա խոսքի միջոցով»  Գիտանք 18 8 նոր Հենրի Ֆորդ, «Իմ կյանքը, իմ նվաճումները» Կռունկ 17 9 -6 Բենջամին Ֆրանկլին, «Ինքնակենսագրություն»  հեղ.հրատ 15 10 * Դեյլ Քառնեգի, «Ինչպես հաղթահարել անհանգստությունը և ապրել երջանիկ» Գիտանք 13

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66) գրախանութների ցանցերը:

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am