Ֆրանսիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Հայաստանի Անկախության տոնին նվիրված միջոցառումներին

Armenpress 16:42, 26 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի անկախության 27-ամյակի կապակցությամբ Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը մասնակցել է մի շարք միջոցառումների: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, սեպտեմբերի 21-ին դեսպան Տոլմաջյանը բացման խոսքով է հանդես եկել դեսպանության և Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի Ֆրանսիայի ներկայայուցչության հետ համատեղ կազմակերպված հանդիպում-քննարկմանը, որը նվիրված էր Հայաստանում ստեղծված նոր իրողությունների պայմաններում տնտեսական զարգացման հնարավորությունների արդյունավետ օգտագործմանը և Ֆրանսահայ գործարարների ներգրավմանը: Դեսպանը ներկայացրել է Հայաստանի նոր կառավարության տնտեսական առաջնահերթությունները, ինչպես նաև տնտեսական քաղաքականության առանցքային ուղղությունները:

Նույն օրը ՀԲԸՄ և Նուվել դ'Արմենի ամսագրի կողմից համատեղ կազմակերպված «Rendez-vous «Nouvelles d'Arménie» (Նուվել դ'Արմենի ժամադրություն) հանդիպում-բանավեճին դեսպանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգը, հայ-ֆրանսիական հարաբերությունները՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ս.թ սեպտեմբերի 14-ի Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի լույսի ներքո և Ֆրանսիայի Նախագահ Մակրոնի՝ Հայաստան կատարելիք պետական այցի նախաշեմին, ինչպես նաև Արցախի հիմնախնդրի կարագավորման գործընթացը, Հայաստան-Սփյուռք հարաբերությունները և այլն: Դեսպանը պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերին:

Սեպտեմբերի 22-ին Հասմիկ Տոլմաջյանը հարցազրույց  է տվել «ԱՅԲ ՖՄ» Ֆրանսիայի հայկական ռադիոյին, որի ընթացքում անդրադարձ  է կատարել անկախության տարիներին Հայաստանի ձեռքբերումներին, երկրի առջև ծառացած նոր մարտահրավերներին, ֆրանսահայ համայնքի դերակատարությանը և խնդիրներին, դեսպանության գործառույթներին  և այլն:

Տեղեկանք. ՀԲԸՄ և Նուվել դ'Արմենի ամսագրի կողմից համատեղ կազմակերպված «Rendez-vous «Nouvelles d'Arménie» (Նուվել դ'Արմենի ժամադրություն) հանդիպում-բանավեճին հրավիրվում են ծագումով հայ կամ հայկական իրականությանը, հայությանը հետաքրքրող թեմաներին առնչվող հայտնի մտավորականներ, պաշտոնյաներ, գործիչներ և այլն, օրինակ, Ֆրանսիայի Ազգային Ժողովի ծագումով հայ պատգամավորները, Բեռնար-Անրի Լեվին, իսկ ս.թ. դեկտեմբերի 7-ին կայանալիք հանդիպման հյուրն է լինելու Բեռնար Կուշները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am