ՀՀ վարչապետը և Լիբանանի նախագահը կարևորել են երկրների ավանդական բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը

Armenpress 00:56, 26 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի կենտրոնակայանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները կարևորել են հայ-լիբանանյան ավանդական բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը և գոհունակություն հայտնել երկկողմ քաղաքական համագործակցության բարձր մակարդակից: Կողմերը կարևորել են տնտեսության ոլորտում կապերի խորացումն ու առևտրաշրջանառության ծավալների ավելացումն ու այդ առումով ընդգծել գործարար ֆորումների կազմակերպման անհրաժեշտությունը:

Նիկոլ Փաշինյանը և Միշել Աունը քննարկել են տարբեր ոլորտներում փոխգործակցության խթանմանը վերաբերող հարցեր և անդրադարձել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության առաջիկա գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքին:

Լիբանանի նախագահը վերահաստատել է իր մասնակցությունը գագաթաժողովին և համոզմունք հայտնել, որ այն կանցնի բարձր մակարդակով:

Զրուցակիցները երկկողմ կապերի ընդլայնման գործում կարևորել են Լիբանանի հայ համայնքի դերը: Միշել Աունն ընդգծել է, որ տեղի հայ համայնքը իր երկրի տարբեր ոլորտներում ունի կարևոր դերակատարություն և հաջողությամբ նպաստում է պետության զարգացմանն ու առաջընթացին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am