Դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Լատվիայի Սահմանդրական դատարանի նախագահ Ինետա Զիեմելեին

Armenpress 19:13, 25 Սեպտեմբեր, 2018
ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սեպտեմբերի 24-ին Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպեց Լատվիայի Սահմանդրական դատարանի նախագահ Ինետա Զիեմելեին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, hանդիպման ընթաքում կողմերը քննարկեցին սահմանադրական իրավունքի բնագավառում երկու երկրների համագործակցությանը վերաբերող հարցեր: Այդ համատեքստում տիկին Զիեմելեն նշեց, որ ջերմ հիշողություններ ունի տարիներ առաջ Հայաստան կատարած իր մասնավոր այցերից և պատրաստակամություն հայտնեց համագործակցություն ծավալելու ՀՀ Սահմանադրական դատարանի հետ:

Լատվիայի Սահմանադրական դատարանի նախագահը ներկայացրեց նաև իր ղեկավարած գերատեսչության հիմնական գործառույթները և քննվող գործերի հիմնական ուղղություններն ու ոլորտները։ Դեսպան Մկրտչյանը զրուցակցին ներկայացրեց Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը և նոր կառավարության վարած քաղաքականության հիմնական առանձնահատկությունները։

Այցի շրջանակներում տեղի ունեցավ նաև դեսպան Մկրտչյանի և Լատվիայի գիտությունների ակադեմիայի նախագահ Օյարս Սպարիսի հանդիպումը, որի ընթացքում կողմերն անդրադարձան հայ-լատվիական գիտակրթական համագործակցության հեռանկարներին, քննարկվեց երկու երկրների միջև կրթության և գիտության համագործակցության մասին նոր համաձայնագրի նախագիծը, որը թույլ կտա առկա փոխգործակցությունը նոր մակարդակի բարձրացնել։ Կողմերն ընդգծեցին գիտնականների, հետազոտողների փոխանակման ծրագրերի կարևորությունը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am