Ճանաչողական այցով Երևանում է գտնվում Անդորրայի Էսկալդես-Էնգորդան քաղաքի պատվիրակությունը

Armenpress 16:44, 25 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը հանդիպել է Անդորրայում ՀՀ պատվո հյուպատոս Արա Բաղդասարյանի հրավերով ճանաչողական այցով Երևան ժամանած Անդորրայի մայրաքաղաք Անդորրա-Լա Վելյայի մի մասը հանդիսացող Էսկալդես–Էնգորդան քաղաքի պատվիրակությանը, որի կազմում են եղել Էսկալդես-Էնգորդանի փոխքաղաքապետ Մարկ Կալվետ Սոլայը և գլխավոր ճարտարապետ Ժերար Սոլանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով  հյուրերին և համառոտ տեղեկություններ ներկայացնելով Երևանի մասին՝ Դավիթ Օհանյանը նշել է, որ ՀՀ մայրաքաղաքն այս տարի նշելու է հիմնադրման 2800-ամյակը, և հայտնել, որ Երևանը գործընկերային ու բարեկամական կապեր ունի աշխարհի բազմաթիվ երկրների  քաղաքների հետ և պատրաստակամ է համագործակցելու նաև Անդորրա-Լա-Վելյայի հետ:

Էսկալդես-էնգորդանի փոխքաղաքապետ Մարկ Կալվետ Սոլայն իր հերթին նշել է, որ հոկտեմբերի 11-12-ը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 16-րդ գագաթաժողովին կմասնակցեն նաև Անդորրայի նախագահ Անտոնի Մարտին  և արտաքին գործերի նախարար Աննա Օվակը, իսկ Երևան կատարած այս ճանաչողական այցը նաև երկու մայրաքաղաքների միջև կապեր հաստատելու խթան կհանդիսանա:

Անդորրայում ՀՀ պատվո հյուպատոս Արա Բաղդասարյանն էլ նշել է, որ այս տարի լրանում է հայ-անդորրական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 15-ամյակը, ինչի կապակցությամբ վերջերս Անդորրայում կանգնեցվել է խաչքար-հուշարձան:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am