Բասկետբոլի առաջնությունից հրաժարվել է 2 թիմ  

Armenpress 13:04, 24 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնությանը մասնակցությունից հրաժարվել է երկու ակումբ:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց կանոնավոր առաջնության նախագահ Արա Պողոսյանը: «Կանոնավոր առաջնությունից դուրս եկավ «Գրանդ սպորտ» թիմը, քանի որ հասկացավ, որ մարտունակ կազմ չունի: Չէին ցանկանում արտասահմանցի բասկետբոլիստներ բերել և իրենց հիմնական նպատակը իրենց պատանիներին զարգացնելն էր:

Առաջնությանը չի մասնակցի նաև «Շիրակ»-ը: Երկու թիմերն էլ մասնակիցներ կունենան Հայաստանի առաջնության B լիգայում»,-ասաց Պողոսյանը:

Հայաստանի կանոնավոր առաջնությանը կմասնակցի միայն 6 թիմ: Բացի առաջնությունից՝ կլինի նաև գավաթի խաղարկություն:

Վարվառա Հայրապետյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am