Քաղաքագետի կարծիքով Երևանի ավագանու ընտրությունները կարող են հիմք հանդիսանալ ՀՀ-ում ժողովրդավարական գործընթացն առաջ տանելու համար

Armenpress 21:50, 23 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը աննախադեպ է համարում Երևանի արտահերթ ավագանու ընտրությունները: «Արմենպրս»-ի հետ զրույցում, Մեհրաբյանը, գնահատելով Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության ընթացքը, նշեց, որ այս ընտրություններում բացարձակապես որևէ կողմնակի ճնշում չի եղել, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա:

«Նրանք, ովքեր իրենց ձայնը տալու իրավունք են ունեցել` դա արել են  ազատ: Կարծում եմ՝ շատ լավ հիմք է դրված Հայաստանում ժողովրդավարական գործընթացը առաջ տանելու համար և այն հասցնելու համապետական մասշտաբի»,- ասաց Մեհրաբյանը:

Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությունն ավարտվել է ժամը 20:00-ին. փակվել են բոլոր ընտրական տեղամասերը և մեկնարկել է ձայների հաշվարկը:  Ժամը 00:00-ից ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կամփոփի Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական արդյունքների աղյուսակավորումը՝ ըստ ընտրական տեղամասերի, տարածքային ընտրական հանձնաժողովների սպասարկման տարածքների:

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է 12 քաղաքական ուժ՝ 4 դաշինք և 8 կուսակցություն: Ընտրություններին մասնակցել են «Ժառանգություն» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյան), «Լույս» դաշինքը (քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյան), «Երևանի հանրություն» դաշինքը (քաղաքապետի թեկնածու Անահիտ Թարխանյան), ԲՀԿ-ն (քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյան), «Իմ քայլը» դաշինքը (քաղաքապետի թեկնածու Հայկ Մարության), «Հայկազունիներ» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու Գևորգ Հովսեփյան), «Երկիր Ծիրանի» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյան), «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու Մանուել Գասպարյան), ՕԵԿ-ը (քաղաքապետի թեկնածու Մհեր Շահգելդյան), ՀՅԴ-ն (քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյան), «Ռեֆորմիստներ» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու Արտակ Ավետյան), «Երևանցիներ» դաշինքը (քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյան):

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am