ՔԿ տարածքային ստորաբաժանումներում ստացվել է 23 հաղորդում առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ

Armenpress 20:42, 23 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային ստորաբաժանումներում՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, ստացվել է 23 նյութ՝ սեպտեմբերի 23-ին Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, նշված 23 նյութերից 8-ն ստացվել է  ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում, 4-ը՝  Էրեբունի ու Նուբարաշեն, 3-ական՝  Երեւան քաղաքի քննչական վարչությունում, Արաբկիր, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժիններում,  2-ը՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում:

ՔԿ տարածքային ստորաբաժանումների վարույթում գտնվող նյութերը հիմնականում վերաբերում են կրկնակի քվեարկության փորձերին՝ 16, 7-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ հաղորդումներում առերևույթ ընտրական իրավունքի խախտման հատկանիշներ պարունակող հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:

Արդյունքների մասին կտեղեկացնենք պարբերաբար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am