Անձնագրային վարչության պետը պարզել է, որ Վահան Բաբայանի տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը

Armenpress 15:25, 23 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում պարզաբանել է օգտատեր Վահան Բաբայանի տարածած տեղեկատվությունը:

«Ֆեյսբուք»-ում Վահան Բաբայանը տարածել է տեղեկատվություն, համաձայն որի՝ 8/16 տեղամասի ընտրողների ցուցակում մահացած անձի տվյալներ կան։

«Անմիջապես կապ ենք հաստատել 8/16 ընտրական տեղամասի նախագահ Արտավազդ Ալեքսանյանի հետ, ով հայտնել է, որ մահվան տեղեկությունը վերաբերում է Մաքսիմ Թորոսյանին։ Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Վ.Շենգավիթ 1փ. տ 22 հասցեում հաշվառված է Մաքսիմ Թորոսյանը, ծնված 11.02.1994թ., ով ողջ է։ Նույն հասցեում հաշվառված է եղել նաև նրա պապը, նույն անուն ազգանունով, Մաքսիմ Թորոսյանը, ծնված 10.01.1943թ. ով մահվան կապակցությամբ հանվել է բնակչության պետական ռեգիստրից և նրա տվյալներն առկա չեն ընտրողների ցուցակներում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ նշել է Մնացական Բիչախչյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am