1000х90.jpg (78 KB)

Վարչապետը հանձնարարեց մեկամսյա ժամկետում ներկայացնել լոլիկի ցեցի դեմ պայքարի ծրագիր

Armenpress 14:33, 22 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ,22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզում հանձնարարեց մեկամսյա ժամկետում ներկայացնել լոլիկի արտադրության քանակի վրա զգալիորեն ազդող ցեցի դեմ պայքարի ծրագիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետը նման հանձնարարական տվեց Արարատի մարզում համայնքների ղեկավարների հետ հանդիպմանը:

Վարչապետ Փաշինյանը նկատեց՝ նախորդ տարի մարզում ստացվել է  116 484 տոննա լոլիկ, այս տարի 35 000 տոննայով պակաս լոլիկ է սպասվում, հետաքրքրվեց պատճառների մասին:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը ներկայացրեց հիմնական պատճառը՝ բարձր, անոմալ ջերմային ֆոն:  Սակայն Դարակերտ համայնքի ղեկավար Ղուկաս Սիմոնյանը արձանագրեց՝ արտադրության կրճատման ամենամեծ պատճառը լոլիկի ցեցն է: «Լոլիկի ամենամեծ ցանքատարածությունները մեզ մոտ են: Հինգ տարի առաջ գյուղատնտեսության նախարարը առաջին երկու տարում օգնեց գյուղացիներին ցեցի դեմ պայքարելու համար, հետո մոռացության մատնվեց: Դա վնասում է նաև պղպեղին, սմբուկին, կարտոֆիլին: Եթե նախկինում մինչ 50-60 հեկտար լոլիկի դաշտ ունեինք, հիմա չունենք մի հեկտար: Իսկ պայքարի միջոցառումները շատ դժվար են»,-հիմնավորեց համայնքապետը:

Վարչապետը գյուղատնտեսության նախարարից հետաքրքրվեց՝ ցեցի դեմ ինչ միջոցներ են ձեռք առնելու:  

«Սննդի անվտանգության տեսչական մարմնին հանձնարարական ենք տվել, նաև Պարենի և Գյուղատնտեսության կազմակերպության հետ ենք խոսել, քննարկում ենք ունեցել խոշոր աճեցնողների և մթերողների հետ: Սակայն նրանք դժվարանում են որևէ բան ասել, քանի որ բաց տարածություն է, և ցեցը նորից հայտնվում է: Ջերմոցներում պայքարի արդյունավետ միջոցներ կան , բայց դաշտերում բարդ է դրանց ոչնչացնելը: Էական միջոցներ է պահանջում »,-նշեց նախարար Խաչատրյանը:

Վարչապետը նկատեց՝ ՊՈԱԿ-ները դժվարանում են որևէ բան ասել, իրենք էլ պետք է դժվարանան դրանց գոյությունը պահել: «Հավաքեք բոլորին, թող  1-ամսյա ժամկետում կոնկրետ պլան ներկայացնեն, թե ինչ ենք անելու, որ մյուս տարի այս խնդիրը չունենանք:Մենք 5 տարվա արդյունքում չենք հասկացել, թե խնդիրն ինչպես ենք լուծելու: Եթե այսպես շարունակվի մյուս տարի լոլիկ առհասարակ չենք ունենա և ստիպված կլինենք ներմուծել»,-ասաց Փաշինյանն ու տվեց խիստ հանձնարարական՝ մեկամսյա ժամկետում ծրագիրն իր աշխատասեղանին  տեսնի:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am