Երևանի ավագանու ընտրություններում հաղթանակի դեպքում ԲՀԿ-ն բոլոր ծրագրերի շուրջ աշխատանք է տանելու

Armenpress 21:19, 21 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում այսօր մի շարք խնդիրներ կան, որոնցից ամենակարևորներից են աղբահանությունը, բնակարանաշինությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Բարգավաճ Հայաստան կուսակցության»  քարոզարշավին միջոցառմանը նշեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Նա ընդգծեց, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում հաղթանակի դեպքում բոլոր ծրագրերի շուրջ աշխատանք կատարվելու է, ներգրավվելու են նաև ներդրողներ: «Բոլորը սիրում են մեր երկիրը, մեր հյուրասեր ժողովրդին: Խնդիրներ ունենք, պետք է լուծումներ գտնենք, իսկ մեր խոսքը գործ է: Այսօր մենք բանակցում ենք  20 պետությունից 38 քաղաքապետի հետ, ներկայացրել ենք նրանց մեր ծրագիրը, և բոլորը ողջունել են այն»,- ասաց Ծառուկյանը:

Նա կարևորեց նաև մայրաքաղաքում փոքր և միջին բիզնեսի զարգացումը:

ԲՀԿ առաջնորդը արձանագրեց, որ 27 տարի անկախությունից հետո  միջին եկամուտներով ընտանիքները հիմանակում բնակարան չեն գնել, ինչն էլ հաճախ արտագաղթի պատճառ է դառնում, մինչդեռ միջին խավը երկրի բնակչության 65 տոկոսն է,:

 Գագիկ Ծառուկյանը իր ելույթում ներկաներին շնորհավորեց Անկախության տոնի կապակցությամբ` մաղթելով մեր պետությանը, ժողովրդին խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում:

Նա կոչ արեց քարոզարշավի մասնակից քաղաքական ուժերին ցեխ չշպրտել միմյանց վրա:  «Հաջողությունն ու հաղթանակը միասնության մեջ է: Մասնատելու դեպքում կորցնելու ենք բոլորս»- հավելեց նա:

Սեպտեմբերի 10-ին մեկնարկել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը, որը կշարունակվի մինչև սեպտեմբերի 21-ը: Երևանի ավագանու ընտրությունների մասնակից քաղաքական ուժերը երևանցիներին ներկայացնում են իրենց նախընտրական ծրագրերը, հանդես գալիս Երևանի խնդիրների լուծման սեփական տեսլականով:

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ: Երևանի ավագանու ընտրությունների մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել են «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», ՀՅԴ, «Հայք», «Երկիր ծիրանի», «Ռեֆորմիստների», «Ժողովրդավարական ուղի», «Օրինաց երկիր» կուսակցությունները, «Իմ քայլը», «Երևանցիներ», «Երևանի հանրություն», «Լույս» դաշինքները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am