Անկախությունը հոգևոր արժեք է. Երևանի քաղաքացիները շնորհավորել են ՀՀ Անկախության տոնը

Armenpress 17:56, 21 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռոք, ջազ, դասական, հայկական ժողովրդական, էլեկտրո երաժշտության համերգային ծրագրերով և այլ բազմաբնույթ միջոցառումներով Երևանը տոնում է դժվարությամբ ձեռք բերված անկախության 27-ամյակը:

«Արմենպրես»-ի թղթակիցը շրջել է քաղաքամայր Երևանում,  քաղաքացիների հետ զրուցել անկախության կարևորության և նշանակության մասին:

Քսանվեցամյա Ջիվանի խոսքով` անկախությունը ֆիզիկական վիճակ չէ: «Անգամ բանտախցում մարդը կարող է ազատ լինել: Անկախությունը հոգևոր արժեք է,  ներքին մղում, հպարտություն: Շատերն են խոսում նոր անկախության  մասին. չկա այդպիսի հասկացություն: Կա անկախություն, որը մենք ձեռք ենք բերել, որը մեր հոգիներում է, սրտերում»,- ասաց նա:

«Ծնվել եմ անկախ Հայաստանում և չափազանց երջանիկ եմ այդ կապակցությամբ:  Ծնողներս ասում են, որ իրենց նվիրական ցանկություններից էր անկախ երկրում  ապրելը, ստեղծագործելը և աշխատելը»,- նշեց քսանամյա Արամը և հավելեց, որ եղել է քաղաքի կենտրոնական բոլոր հատվածներում, բայց նախընտրել է երեկոն շարունակել ռոք երաժշտություն լսելով, քանի որ ռոքը ազատություն, անկախություն, համարձակություն է քարոզում:

Երիտասարդների պակաս չկար նաև ջազային ելևէջներով հագեցած համերգին: «Ունեմ ազատ արտահայտվելու, տեղաշարժվելու, աշխատելու իրավունք: Դա մեծ ձեռքբերում է, ինչի համար շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր դերակատարություն են ունեցել մեր անկախության ուղին ընտրելու հարցում»,- շեշտեց քսանհինգամյա Լիանան և խոստովանեց, որ Երևանում կազմակերպված բոլոր միջոցառումները հետաքրքիր են, բայց երաժշտությունն առաջին հորիզոնականում է:

Հայկական ժողովրդական երաժշտության երեկոյին ներկա էր հիսունմեկամյա Աննան, ով սրտանց շնորհավորեց ամբողջ հայ ազգին: «Խորհրդային Միությունում ապահով և հզոր էինք զգում, բայց, միևնույն է, ցանկանում էինք լինել անկախ, ինքնուրույն, և դա մեզ հաջողվեց: Հեշտ չէր այս բաղձալի  ճանապարհը: Այսօր տեսնում եմ պայծառ, լուսավոր, գործունյա սերունդ ու հասկանում, որ ամեն բան առջևում է»,- ընդգծեց նա:

Անկախության տոնին նվիրված միջոցառումները, որոնք կհետաքրքրեն բոլոր տարիքային խմբերի ներկայացուցիչներին, շարունակվելու են մինչև ուշ երեկո:

Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունվեց 1990 թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում: Խորհրդարանի որոշմամբ` 1991 թ. սեպտեմբերի 21-ին անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հռչակելու մասին հանրաքվե: Հանրաքվեն անցկացվեց խորհրդային ընտրական օրենսգրքով և անցավ ազատ ու թափանցիկ: Ընտրություններից երկու օր անց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց քվեարկության արդյունքները, ըստ որոնց՝ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող 2 մլն 163 հազար 967 մարդուց քվեարկությանը մասնակցել էր 2 մլն 56 հազար 792-ը, այսինքն՝ քաղաքացիների 95,5 տոկոսը: Անկախ ապրելուն կողմ էր քվեարկել 2 մլն 42 հազար 617 հոգի, դեմ` ընդամենը 0,46 տոկոսը: Որ հանրաքվեն անց էր կացվել արդար ու թափանցիկ, վկայում էին 25 երկրներից գրանցված 117 դիտորդները: Հայաստանի Հանրապետությունն իր անկախությունը փաստացիորեն հռչակեց այն ժամանակ, երբ ԽՍՀՄ փլուզումն արդեն գրեթե անկասելի գործընթաց էր:

 

Անժելա Համբարձումյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am