Անկախության հռչակումը մեր ազգային հպարտությունն է

Armenpress 10:05, 21 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 27 տարի առաջ՝ սեպտեմբերի 21-ին, Խորհրդային Հայաստանի քաղաքացիները պատմական որոշում կայացրին` անկախությունն ընտրելով որպես միակ հնարավոր կարգավիճակ և երկրի հետագա զարգացման անշեղ ուղի: Այս տարի մենք նշում ենք մեր երկրի անկախության 27-ամյակը: 

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանն ասաց, որ անկախությունն իր մանկության երազանքն էր: «Չնայած ապրել եմ Խորհրդային Միության տարիներին` մեծացել եմ այնպիսի ընտանիքում և միջավայրում, որն անկախության ձգտում էր սերմանում մեր մեջ: Դա իմ երազանքն էր, որն իրականացավ, և ես չափազանց երջանիկ եմ»,-նշեց նա:

Թուխիկյանը խոստովանեց, որ անկախությունից ի վեր Հայաստանը և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներով բազմաթիվ խնդիրներ է ունեցել: Նա հույս հայտնեց, որ հետագայում մենք միայն առաջընթացի ճանապարհով կգնանք:

Անդրադառնալով անկախության շրջանում մեր երկրի կարևորագույն նվաճումներին` թանգարանի տնօրենն ընդգծեց, որ ամենամեծ ձեռքբերումներ է համարում Հայոց ազգային բանակի կազմավորումը, Արցախյան պատերազմում հաղթանակը: «Անկախանալուց հետո ունեցանք մշակութային, կրթական, բարոյական կորուստներ, բայց դա մեր մեղքն է, և ժամանակն է խմբագրել մեր կյանքը և առաջ գնալ անկախության ճանապարհով»,-շեշտեց Նարինե Թուխիկյանը:

ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանի խոսքով` անկախությունը բարձրագույն արժեք է: «Կարծում եմ` մեր անկախության ամենակարևոր ձեռքբերումը Արցախի անկախությունն էր. դա մեր ազգային հպարտությունն է: Չնայած իննսունականներին, երբ փլուզվել էր Խորհրդային Միությունը, և Հայաստանի տնտեսությունը ճահճային  վիճակում էր,  մենք հպարտ էինք. դարեր շարունակ տարածքներ էինք կորցրել, և հանկարծ եկավ մի շրջան, որ տարածք ազատագրեցինք»,-փաստեց փոխնախարարը:

Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունվեց 1990 թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում: Խորհրդարանի որոշմամբ` 1991 թ. սեպտեմբերի 21-ին անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հռչակելու մասին հանրաքվե: Հանրաքվեն անցկացվեց խորհրդային ընտրական օրենսգրքով և անցավ ազատ ու թափանցիկ: Ընտրություններից երկու օր անց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց քվեարկության արդյունքները, ըստ որոնց՝ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող 2 մլն 163 հազար 967 մարդուց քվեարկությանը մասնակցել էր 2 մլն 56 հազար 792-ը, այսինքն՝ քաղաքացիների 95,5 տոկոսը: Անկախ ապրելուն կողմ էր քվեարկել 2 մլն 42 հազար 617 հոգի, դեմ` ընդամենը 0,46 տոկոսը: Որ հանրաքվեն անց էր կացվել արդար ու թափանցիկ, վկայում էին 25 երկրներից գրանցված 117 դիտորդները: Հայաստանի Հանրապետությունն իր անկախությունը փաստացիորեն հռչակեց այն ժամանակ, երբ ԽՍՀՄ փլուզումն արդեն գրեթե անկասելի գործընթաց էր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am