Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է Ջին Բլոքին եւ Էրիկ Էսրաիլյանին

Armenpress 18:39, 20 Սեպտեմբեր, 2018
ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ԱՄՆ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) ռեկտոր, կենսաբան, ակադեմիկոս Ջին Բլոքին եւ ամերիկահայ անվանի բժիշկ, պրոդյուսեր, հասարակական գործիչ, դոկտոր Էրիկ Էսրաիլյանին: Նրանք Հայաստան են ժամանել նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,  Կալիֆոռնիայի համալսարանի ռեկտորն ընդգծել է, որ խիստ տպավորված է Հայաստան իր առաջին այցից: Նշելով, որ մինչ այս Հայաստանին եւ հայ ժողովրդին ծանոթ է եղել ամերիկահայ համայնքի միջոցով, Ջին Բլոքն ասել է, որ Կալիֆոռնիայի համալսարանում ուսանում, դասավանդում եւ աշխատում են մեծ թվով հայեր:Հանրապետության նախագահը կարեւորել է Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի եւ Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների միջեւ համագործակցության զարգացումն ու խորացումը, ինչը երիտասարդության համար կատարելագործվելու նոր հնարավորություններ է ստեղծում:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am