Թուրքիայում կալանավորված ամերիկացի քահանան կարող է ԱՄՆ-ին արտահանձնվել հոկտեմբերին

Armenpress 18:29, 20 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում կալանքի մեջ գտնվող ամերիկացի քահանա Էնդրյու Բրանսոնը կարող է արտահանձնվել ԱՄՆ-ին 2018թ. հոկտեմբերի 12-ին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը:

Ինչպես հաղորդում է պարբերականը,  Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) պատգամավոր Մուհարրեմ Էրքեքը նշել է, որ թուրքական արդարադատությունը որոշումներ է կայացնում իշխանությունների հրահանգով և հավելել, որ ամերիկացի հոգևորականի կալանավորումը «իսկական ողբերգություն» է:

Բրանսոնը Թուրքիայում մեղադրվում է ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու և լրտեսական գործունեություն իրականացնելու հատկանիշներով, նրան սպառնում է 35 տարվա ազատազրկում:

ԱՄՆ-ը հոգևորականի կալանավորման շուրջ Թուրքիայի հետ ունեցած տարաձայնությունների ֆոնին նոր պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am