Ջրային կոմիտեն գյուղացիներին հորդորում է չթաքցնել ոռոգման ջրի իրական ծավալները

Armenpress 18:16, 20 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության (ԷԵԲՊՆ) ջրային կոմիտեն ջրօգտագործողներին հորդորում է չթաքցնել Սևանա լճից ոռոգում իրականացնելու համար վերցված ջրի իրական ծավալները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին սեպտեմբերի 20-ին լրագրողների հետ զրույցում նշեց կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը:

«Ապօրինի ջրօգտագործողներից շատերն ուղղակի չեն ուզում վճարել, իրենք ասում են, որ այդ ջուրը մերն է, հոսում է մեր տան մոտով: Օրինակ` Գեղամավան գյուղի բնակիչների մի մասը: Եթե գյուղացին ջուր է ուզում, մեր պարտականությունը այն հասցնելն է: Ուրիշ հարց է, որ տեղերում մի մասը գողացվում է, մյուսը` գրանցվում»,- ասաց Գաբայանը:

Նրա խոսքով` իրենք նախատեսում են երկու տարվա ընթացքում ունենալ ոռոգելի հողերի ստույգ քարտեզը:   

Ջրային կոմիտեի տեխնիկական հանձնաժողովի նիստում սեպտեմբերի 20-ին քննարկվեցին նաև Ազատի ջրամբարի և Արփի լճի տեխնիկական վիճակի հարցերը: Ինեսսա Գաբայանը նշեց, որ Ազատի ջրամբարում ունեն խորքային փականի, իսկ Արփի լճում` բետոնային շերտի նորոգման խնդիր:

«Ազատի ջրամբարում խորքային փականի խնդիրն է, որը կարող է բերել վթարային վիճակի: Կատարվել է ուսումնասիրություն, կազմվել է նախագիծ, աշխատանքները սկսելու համար անհրաժեշտ է, որպեսզի ջրամբարը դատարկվի: Իսկ Արփի լճում ֆիլտրացիայի խնդիր կա, որն առաջանում է բետոնային շերտի մաշվածությունից: Մենք ջրի մակարդակն իջեցնելու խնդիր ունենք, որպեսզի իրականացնենք բետոնային աշխատանքներ: Ունենք նաև փականների խնդիր, ջրթողները չեն փակվում, ու ունենում ենք ջրի կորուստներ»,- նշեց կոմիտեի նախագահը:

Ինեսսա Գաբոյանի խոսքով` ջրամբարներն ամբողջ աշխարհում ռազմավարական նշանակություն ունեն, ու կարևոր է դրանց պատշաճ վիճակը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am