1000х90.jpg (78 KB)

«Ալաշկերտ»-ը պատասխանել է «Փյունիկ»-ի մարզչի քննադատական արտահայտությանը

Armenpress 18:05, 20 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտ»-ը պատասխան հայտարարությամբ է հանդես եկել «Փյունիկ»-ի մարզչի քննադատական արտահայտության վերաբերյալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ակումբը հայտնում է. ««Ալաշկերտ» մարզադաշտում կայացած` ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 8-րդ տուրի` «Արարատի» դեմ խաղից հետո «Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը նշել էր հետևյալը. «Ինձ դուր եկավ խաղը: Շատ լավ մարզադաշտ, խաղի մեկնարկի հաջող ժամ, ֆուտբոլիստները կարող էին ցուցադրել իրենց վարպետությունը, շոգ էր, բազմաթիվ երկրպագուներ էին եկել»:

Ռուսաստանցի մասնագետի հերթական սարկաստիկ արտահայտությունները ոչ մի կերպ մեզ չէին հետաքրքրի, եթե չհնչեր արտահայտություն` ուղղված «Ալաշկերտ» մարզադաշտին:

Առաջին հայացքից դրական «Շատ լավ մարզադաշտ» նախադասությունը միանգամայն փոխում է իր իմաստը նույն նախադասությունում հնչած այլ բնութագիրները կարդալուց հետո:

«Խաղի մեկնարկի հաջող ժամ, ֆուտբոլիստները կարող էին ցուցադրել իրենց վարպետությունը, շոգ էր»,- այս միտքը կապված էր հանդիպման վաղ մեկնարկի հետ (14:00), իսկ ահա «Բազմաթիվ երկրպագուներ էին եկել» նախադասությունը` սակավաթիվ հանդիսատեսի հետ:

Այսպիսով, ոչ մի կասկած չի հարուցում ամբողջ նախադասության սարկաստիկ լինելը, այնպես որ, հարկ ենք համարում պարզաբանում մտցնել:

Նախ, հարգելով «Փյունիկ» ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանին և իր ներդրումը հայկական ֆուտբոլի զարգացման գործում, խաղի նախօրեին «Ալաշկերտ» ակումբը տրամադրել էր իր մարզադաշտը, որպեսզի առանց մարզումային խաղադաշտ մնացած «Փյունիկը» կարողանա նախապատրաստվել ինչպես «Արարատի», այնպես էլ` «Ալաշկերտի» դեմ (սեպտեմբերի 19) հանդիպումներին, ինչն աննախադեպ երևույթ է հայկական ֆուտբոլում:

Եվ երկրորդ, հարց է առաջանում, այդ ինչ մարզադաշտերում է մարզվում կամ խաղում «Փյունիկը», որ թիմի մարզիչն իրեն իրավունք է վերապահում սարկաստիկ ոճով արտահայտվել «Ալաշկերտի» մարզադաշտի մասին, որը, ևս մեկ անգամ ընդգծենք, սիրով տրամադրվել էր «Փյունիկին»` թիմի մարզումային պրոցեսը չխախտելու համար:

Համարում ենք Տալալաևի արտահայտությունն անընդունելի և ոչ կոռեկտ` կոչ անելով մարզիչին ապագայում ավելի զուսպ գտնվել իր գնահատականներում և «հումորային արտահայտություններում»»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am