1000х90.jpg (78 KB)

Շիրակի ու Լոռու մարզերը ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում են. Տիգրան Ավինյան

Armenpress 22:24, 19 Սեպտեմբեր, 2018

ԳՅՈՒՄՐԻ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային առաջին այցով սեպտեմբերի 19-ին Շիրակի մարզում էր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  Շիրակի մարզպետարանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ փոխվարչապետը  ծանոթացավ մարզի համայնքներին հուզող խնդիրներին: Հանդիպմանը ներկա  էին գերատեսչությունների, ուժային կառույցների  ներկայացուցիչները և  մարզի համայնքների ղեկավարները:

Ներկայացնելով մարզում իրականացվող ծրագրերն ու խնդիրները՝ Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը  փաստեց, որ ներկայում մարզում իրականացվելու  է ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած հրատապ 23  ծրագիր, որոնք  այս պահին նախագծա-նախահաշվային փուլում են: Մարզի համայնքներից առաջին անդրադարձը Գյումրիին էր վերաբերում:

Գյումրու  քաղաքապետ Սամվել Բալասանյանը  փաստեց, որ  Գյումրիում  ներկա պահին իրականացվում է 3 ծրագիր՝  տեղական բյուջեով, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի  և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ: «Այս պահին քաղաքում բուռն աշխատանքներ  են  իրականացվում  այս ծրագրերով, ևս  երկու ծրագիր իրականացվում է ՀՀ կառավարության հետ՝  դրանք   Գյումրու  «Մուշ-2»  թաղամասի  կառուցման և  տեխնիկայի ներկրման ծրագրերն են»,-նշեց Գյումրու  քաղաքապետը: Անդրադառնալով խնդիրներին՝ Սամվել Բալասանյանը նշեց, որ ևս  3 ծրագիր ներկայացված է  ՀՀ կառավարության հաստատմանը. «Այդ ծրագրերի  կարևորությունից ելնելով՝  խնդրում ենք հաստատել այդ ծրագրերը, որոնք կապված են քաղաքային տրանսպորտի, ջերմամեկուսացման, աղբահանության  և   աղբի վերամշակման փոքր գործարան ստեղծելու հետ: Այս  ծրագրերն այս պահին ներկայացված են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն»:  Գյումրու  քաղաքապետն իր խոսքում նաև  փաստեց, որ կա  Գյումրու բյուջեի  վերանայման անհրաժեշտություն. «Չի կարող Երևանն ունենալ 180 մլն դոլարին համարժեք բյուջե, Գյումրին՝ լինելով երկրորդ քաղաքը,  6 միլիոնի   բյուջե:  Այս համահարթեցման բանաձևը  փոփոխության ենթարկելուց հետո  համայնքները կզարգանան»:

Խնդիրներ  ներկայացրեցին նաև մյուս համայնքների ղեկավարները: Հանդիպումից հետո  լրագրողների հետո ունեցած հանդիպման ժամանակ  փոխվարչապետը նշեց, որ   Գյումրիում շատ  հարցեր կլուծվեն մի քանի ոլորտների զարգացմամբ: «Կարծում եմ՝  աշխատատեղերի ստեղծման մի քանի ոլորտ կա և այդ աշխատատեղերի ստեղծման ճանապարհները  պետք է  իրագործելի լինեն: Այդ ոլորտներից առաջնայինը թեթև  արդյունաբերության ոլորտն է: Այս  ոլորտում մոտակա 1-2 տարվա ընթացքում մենք լուրջ  արդյունքներ  ենք ունենալու»,- նշեց փոխվարչապետը  փաստելով, որ արդեն կա պայմանավորվածություն Գյումրիում թեթև  արդյունաբերության դպրոցի ստեղծման:  Փոխվարչապետը նաև  նշեց, որ  Գյումրիում կա նաև ՏՏ  ոլորտի  զարգացման մեծ ներուժ. «Կարծում են նաև ՀՀ կառավարության կողմից փոքր  ու միջին ձեռնարկությունների խրախուսումն է, որ կարող է նոր հնարավորություն ստեղծել: Քանի որ Գյումրիում և  ողջ մարզում այս հարցերն ամենասուրն են՝ Շիրակի և Լոռու մարզերը լինելու են մեր  ուշադրության կենտրոնում, որպեսզի նման նախաձեռնություններն ի վերջո  կյանքի կոչվեն և չմնան խոսքերի մակարդակով»:

Անդրադառնալով Գյումրին  Ազատ տնտեսական գոտի հռչակելու խնդրին՝ Տիգրան Ավինյանը փաստեց, որ այդ փաթեթն արդեն կառավարությունում է, և կան որոշակի ընկերություններ, որոնք արդեն հետաքրքրված են այդ ազատ տնտեսական գոտու մասնակցությամբ: «Ես  համոզված եմ, որ դա տեղի է ունենալու, ինչպես նաև տեղի  է ունենալու «Շիրակ» օդանավակայանի վերանորոգումը, և շատ ավելի մեծ քանակի չվերթներ են իրականացվելու: Բանակցություններ  են  արդեն գնում խոշոր ՝ այսպես կոչված, լոուքոսթերի  հետ, և ես կարծում եմ, որ սա ևս ազդելու է  Շիրակի մարզի տնտեսության վրա: Մարզի տնտեսության զարգացման վրա  ազդելու են նաև  խոշոր  ենթակառուցվածքային ծրագրերը, այդ թվում՝ նաև «Հյուսիս-Հարավը»»,-նշեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Այցի շրջանակներում փոխվարչապետը եղավ նաև  մարզի այլ համայնքներում:

Արմենուհի Մխոյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am