Մարտիրոս Սարյանի պուրակում տեղադրված դաշնամուրը Երևանում մշակութային կյանքն ակտիվացնելու քայլերից է

Armenpress 21:51, 19 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Մարտիրոս Սարյանի պուրակում տեղադրված դաշնամուրը հասանելի է լինելու բոլոր երաժշտասերների համար: Դրա «սմարթ» հնարավորության միջոցով կարելի է լիցքավորել նաև հեռախոսի մարտկոցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 19-ին տրվեց ՀՀ մշակույթի նախարարության և «ՓՈՒՇ» նախագծի համագործակցության նոր նախագծի մեկնարկը:

«Եվրոպայում կան նման բաց  դաշնամուրներ:  Մեր դաշնամուրը բաց է բոլորի առաջ, փորձում ենք հանրությանն ավելի ներգրավել քաղաքի մշակութային անցուդարձի մեջ: Դաշնամուրներն ունեն նաև սմարթ կոմպոնենտ՝ հեռախոսի մարտկոցը լիցքավորելու հնարավորություն»,-ասաց «ՓՈՒՇ» նախագծի մենեջեր Սոնա Ասատրյանը:

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը նշեց՝ իրենց առաջարկել էին նախագիծ իրականացնել, որի շրջանակում հանրային վայրերում պետք է դաշնամուրներ տեղադրեն: «Հանրային վայրերում դաշնամուրներ տեղադրելը հնարավորություն կտա ոչ միայն Երևանը մշակութային առումով վայելելու այլ տեսանկյունից, այլ նաև հնարավորություն կընձեռի բոլոր այն մարդկանց, ովքեր կարողանում են նվագել, նվագել նաև դրսում»-նշեց Մակունցը:

Առաջինը նվագեց Տիգրան Մանսուրյանը:  Նա նշեց՝ այգին լցվելու է երաժշտության միջոցով: «Սա Մարտիրոս Սարյանի արձանի կողքին է տեղադրված, և ես վստահ եմ, որ նա շատ ուրախ պիտի լիներ: Նա, առհասարակ, լույսի, գեղեցկության, հոգևորի ջատագովն է եղել: Այն, ինչ-որ ընդունված է մեքենաների մեջ հնչեցնել, չի հնչի այստեղ, դա արդեն լավ է: Մենք ինքներս կորոշենք մեր ճաշակը: Սա գեղեցիկի հետ ապրելու նոր մոտեցում է»,-նշեց Մանսուրյանը

Լինելու է աշխատող, ով, անձրևների մասին նախապես տեղեկանալով, փակելու է դաշնամուրը: Դաշնամուրը հսկվելու է նաև տեսանկարահանմամբ:

Դաշնամուրը պատված է գեղանկարով: Նկարչի շարքի մի հատվածն է ներկայացված: Երեք նկարները կտավի վրա են, իսկ մեկը՝ դաշնամուրի: Նկարիչ Վահե Հակոբյանը նշեց՝  իր գաղափարն է եղել նման մոտեցումը: Էսքիզը կոչվում է  «Կարմիր»: Շարքի հիմքում եղել է գույների՝ կարմիրի և կանաչի համադրումը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am