Նիկոլ Փաշինյանը վստահ է՝ ՀՀ-ում ժողովրդավարության այսպիսի մակարդակ երբեք գոյություն չի ունեցել

Armenpress 21:47, 19 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ այժմ Հայաստանում տեղի է ունենում մարդկության պատմության համար աննախադեպ կառավարման համակարգի հիմնադրում՝ ուղիղ ժողվրդաիշխանություն: «Այն, ինչ հիմա անում ենք, աշխարհում չկա մի մարդ, որ դրա փորձն ունենա: Ասում էին, թե հեղափոխությունն այսպես չեն անում, պետք է սրա, նրա հետ պայմանավորվել, ոստիկանության, ԱԱԾ-ի և այլն: Սակայն ասում էի, որ միայն մեկ սուբյեկտ կա, որի հետ պետք է պայմանավորվենք՝ դա ՀՀ քաղաքացին է: Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ այո՝ ՀՀ-ն այսօր գտնվում է ժողովրդավարության աննախադեպ բարձր մակարդակի վրա, ՀՀ-ում ժողովրդավարության այսպիսի մակարդակ երբեք գոյություն չի ունեցել և ես սա ասում եմ որպես մարդ, որը երրորդ հանրապետության հիմնադրման առաջին օրերից լուսաբանում է Հայաստանի քաղաքական կյանքը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ:

Կառավարության ղեկավարը հիշեցրեց, երբ Հայաստանում նոր ժողովրդավարական կարգեր հաստատվեցին՝ «ՀՀ շատ քաղաքացիներ այն սկսեցին համեմատել ամենաթողության հետ, որովհետև տեսնում էին, որ ժողովրդավարության անվան տակ տեղի է ունենում ամենաթողություն»:

«Իրականում ժողովրդավարությունն օրինականության, օրենքի գերակայության, օրենքի իշխանության առումով կառավարման ամենախիստ մեթոդն է, որը ենթադրում է լայն քնարկումներ որոշումներ կայացնելիս և խստագույն կարգապահություն՝դրանք ի կատար ածելիս»,- նկատեց վարչապետը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am