Հայ գործարարներն իրենց հուզող խնդիրները ներկայացրին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախարարին

Armenpress 20:20, 19 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Տիմուր Ժակսիլիկովը հայ գործարար համայնքին հուզող շատ հարցեր լսեց հենց նրանցից: Շատ հարցեր լուծվել են, մնացածն ընթացքի մեջ են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպումը կայացավ սեպտեմբերի 19-ին Երևանում:

«Մեզ համար շատ կարևոր է մշտապես ապահովել երկխոսություն՝ ինչպես մեր պետական մարմինների, այնպես էլ ԵԱՏՄ անդամների հետ: Շատ լավ է, որ գործընկերներն անձամբ են նախաձեռնում, որ գան, կանոնակարգերի, օրենսդրական և ոչ օրենսդրական շատ խնդիրների մասին լսեն հենց գործարար համայնքից»,- ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հակոբ Ավագյանն ու նկատեց՝ ի տարբերություն մեր ներքին հարցերի, ԵԱՏՄ-ում առաջացող հարցերն ավելի դժվար է լուծել: Հինգ երկրների միջև համաձայնեցման խնդիրներ են լինում:

Փոխնախարարը նշեց՝ ԵԱՏՄ երկրներում մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության հարցն օրակարգում է:

Տիմուր Ժակսիլիկովը բազմաթիվ հարցեր քննարկեց հայ գործարարների հետ: Նշեց՝ հայ գործընկերներին խնդրել էին ներկայացնել իրենց հուզող բոլոր հարցերը: Դրանք  վերաբերում էին մաքսային քաղաքականությանը և շատ ու շատ այլ հարցերի:

«Կան շատ ավանդական հարցեր, որոնք արդեն քանի տարի է կան: Դրանք կապված են նրա հետ, որը Հայաստանի և մաքսային միասնական տարածքի միջև անմիջական կապ չկա: Հայաստանից դուրս բերվող բեռները մաքսային տարանցման գործընթաց են անցնում, ինչը չկա ԵԱՏՄ մյուս երկրների միջև: Զուտ մաքսային ընթացակարգերի հետ կապված ևս խնդիրներ կան»,- նշեց նա:

 Հարցերի մի մասը շարունակում է արդիական մնալ, մի մասը լուծվել է, իսկ որոշները լուծման փուլում են: 2018 -ի հունիս-հուլիսին Հայաստանը անցած տարվա նույն ժամանակի համեմատ ԵԱՏՄ երկրների հետ ապրանքաշրջանառության 20,1% աճ է արձանագրել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am