«Սպիտակ» ֆիլմը հրաշքի մասին է. Սպիտակի երկրաշարժին անդրադարձող ֆիլմը կբարձրանա մեծ էկրան

Armenpress 20:10, 19 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեժիսոր Ալեքսանդր Կոտտի «Սպիտակ» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը 1988 թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի մասին է: Կինոնկարի հիմքում  մի մարդու պատմություն է, ով, թողնելով կնոջն ու դստերը, մեկնել է Մոսկվա: Տեղեկանալով Սպիտակում տեղի ունեցած ողբերգության մասին` նա լքում է իր ռուս ընկերուհուն և վերադառնում Հայրենիք` գտնելու իր տունը, ընտանիքի անդամներին:

Կինոժապավենը նվիրվում է երկրաշարժի  30-րդ տարելիցին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողները ֆիլմը դիտելու հնարավորություն ունեցան սեպտեմբերի 19-ին «Մոսկվա» կինոթատրոնում:

«Նկարահանումներ ենք իրականացրել Մոսկվայում, Երևանում, Աշտարակում, Դիլիջանում: Գրեթե երեսուն օր են տևել դրանք: Ուսումնասիրել ենք 1988-ի ժամանակագրությունը, ծանոթացել ենք վավերագրությանը, հսկայական  քանակով լուսանկարներ ենք դիտել` փորձելով վերարտադրել իրականությունը դեկորացիաների միջոցով»,-կինոնկարի դիտմանը հաջորդած մամուլի ասուլիսին նշեց ռեժիսորը:

Ալեքսանր Կոտտը շեշտեց, որ ֆիլմում փոքրիկ Անուշի կերպարի միջոցով, ով հավատում է հրաշքի գոյությանը, ցանկացել է վառ ներկայացնել հրաշքը:  «Եթե մենք հավատում ենք, ուրեմն՝ հնարավոր է: Գլխավոր հերոսը` Գոռը, գնում է փնտրելու ընտանիքին, արդյունքում ընտանիքն է նրան գտնում: Հրաշքի մասին է այդ պատմությունը»,- ընդգծեց նա:

Կինոնկարի գլխավոր դերակատարներից մեկին` Գոհարին մարմնավորած Հերմինե Ստեփանյանն ասաց, որ քասթինգի գնալիս յուրաքանչյուր արտիստ պետք է իմանա, թե ով է տվյալ ռեժիսորը: «Ի սկզբանե գիտեի, որ Ալեքսանդր Կոտտի ստեղծած ֆիլմը բարձր գեղագիտություն կունենա` համեմված հետաքրքիր խորհրդանիշներով: Իմ հերոսուհին, որպես մայր, չէր կարող չհավատալ հրաշքին: Եթե չհավատար դրան, չէր հավատա, որ իր դուստրը կփրկվի: Եթե երեխան հրաշքին չհավատար, չէր փրկվի և չէր փրկի մորը: Հրաշքի գոյությունը ֆիլմում անհրաժեշտություն էր բոլոր հերոսների համար»,- ընգծեց Ստեփանյանը:

Ընտանիքի հորը` Գոռի կերպարը կերտած դերասան Լեռնիկ Հարությունյանը, անդրադառնալով իր հերոսին, ասաց, որ Գոռի մեջ մեծ պատերազմ կար, երբ նա  կայացրել էր Հայրենիքը լքելու որոշումը, մինչ ողբերգությունը, որը նրան ստիպեց վերադառնալ Հայրենիք: «Շնորհակալ եմ ռեժիսորին, որ շատ դիպուկ խնդիրներ էր տալիս, որոնք ինձ օգնում էին իրավիճակը հստակ պատկերացնել: Հավատացեք` շատ ջանք չեմ թափել այդ դերը կերտելու համար, քանի որ ռեժիսորական, նկարչական և մնացյալ բոլոր լուծումներն այնքան հստակ էին, որ խաղալու կարիք չկար. ես ինձ զգում էի այդ ողբերգության մեջ»,- խոստովանեց դերասանը:

«Սպիտակ»-ը շուտով կբարձրանա մեծ էկրան: Այն նախատեսվում է ցուցադրել նաև Ռուսաստանում և այլ երկրներում:

Կինոնկարի երաժշտությունը ստեղծել է մեր հայրենակից Սերժ Թանկյանը: 2018 թվականին Մոսկովյան 40-րդ միջազգային կինոփառատոնում ֆիլմն արժանացել է մրցանակի «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում:

Ֆիլմը ներկայացրեցին Ազգային կինոյի զարգացման, «Եվրիմաժ» հիմնադրամները և «Տելեստո» կինոընկերությունը:  

Լուսանկարը՝ mosfilm.ru-ի



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am