Շատինում համայնքապետի գործունեությանը ոչ ոք չի խոչընդոտում. բնակիչները խոստացել են ազատել համայնքապետարանի շենքը շրջափակումից

Armenpress 16:47, 19 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայոց Ձորի մարզի  Շատին համայնքում հանրային լսումներ կկազմակերպվեն՝ քննարկելու Տարածքային զարգացման հիմնադրամի տրամադրած միջոցներով մանկապարտեզ կամ վարչական շենք կառուցելու հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տարածքային կառավարման և զարգացման ոլորտի ընթացիկ և նախատեսվող ծրագրերին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:

Նա նշեց, որ Եղեգիսի համայնքապետարան իր այցի շրջանակներում պարզել է, որ շենքը խարխուլ է և այնտեղ հնարավոր չէ որևէ գործունեություն իրականացնել: « Համայնքապետը հաշվի առնելով շենքի պայմանները, մեզ դիմեց խոշորացված համայնքներից որևէ  մեկում գործունեություն ծավալելու համար, ինչն էլ առաջացրեց շատինցիների զայրույթը»,-ասաց նախարարը՝ հիշեցնելով, որ Շատին համայնքում խնդիրը սկսվել է 8 ամիս առաջ, երբ խոշորացվող համայնքի մի շարք բնակավայրերի բնակիչներ չեն ընդունել խոշորացման գործընթացը, սկսվել է պայքար, թե որ համայնքը պետք է լինի կենտրոն, բախում է եղել, այնուհետև պետական կառավարման տարբեր մարմինների  միջամտությամբ եկել ենք այն եզրակացության, որ պետք է ընտրություններ կայանան, որոնց արդյունքում պարտվել է Շատին համայնքի համայնքապետը և որպես խոշորացված համայնքի կենտրոն նշանակվել է Եղեգիս համայնքը:

Անդրադառնալով Շատինում լրագրողի օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու մասին հարցին՝ Պապիկյանն ասաց, որ  Վայոց Ձորի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ:

Նա հավաստիացրեց, որ այս պահին Շատինի համայնքապետարանի և համայնքապետի գործունեությանը ոչ ոք չի խոչընդոտում, պարզապես կան մի խումբ քաղաքացիներ, ովքեր համայնքին պատկանող շենքը շրջապատել են, բայց խոստացել են այն  10 օրյա ժամկետում ազատել շրջափակումից:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am