Երևանի կենդանաբանական այգում կանցկացվի գրքի փառատոն

Armenpress 12:26, 19 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Կենդանաբանական այգին տարիներ շարունակ զբաղվում է  ոչ միայն կենդանիների պահպանությամբ, խնամքով և վերականգմամբ, այլ նաև մշտական ուշադրություն է դարձնում կրթական, հետազոտական, գիտական ծրագրերին, որոնք պարբերաբար իրականացվում են բազմաբնույթ միջոցառումների, էկո-ակումբների, թեմատիկ օրերի և տարբեր նախաձեռնությունների տեսքով:  Նորովի լուծումներով և նորովի մոտեցումներով Այգին փորձում է առավել հետաքրքիր և բովանդակալից դարձնել այցելությունները լայն հասարակայնության համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի կենդանաբանական այգուց, այս անգամ էլ Երևանի Կենդանաբանական այգին ձեռնամուխ է եղել նոր միջոցառման՝ «Գրքի փառատոնի» կազմակերպմամբ՝ ՀՀ Անկախության տոնին ընդառաջ: Սեպտեմբերի 20-23-ը Հայաստանում գործող հրատարակչությունները կներկայացնեն իրենց և արտերկրի գործընկերների հրատարակած գրքերը, իսկ այցելուները հնարավորություն կունենան տարբեր հրատարակիչների առաջարկին ծանոթանալ մեկ տեղում, կատարել ընտրություն և գնումներ:

Միջոցառումների մեկնարկը՝ սեպտեմբերի 20-ին, ժամը 15:00:

«Ի դեպ չմոռանաք ձեր հետ բերել նաև այն գրքերը, որոնք արդեն ընթերցել եք և կարծում եք, որ պատրաստ եք դրանք տրամադրել այլոց: Այգին նախաձեռնել է նաև գրքահավաք՝ սահմանամերձ բնակավայրերի գրադարաններ, դպրոցներ, ինչպես նաև զորամասեր ուղարկելու համար»,- ասված է Կենդանաբանական այգու տարածած հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am