Բացառիկ իրադարձություն հայկական գեղասահքի պատմության մեջ  

Armenpress 10:58, 19 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական գեղասահքի պատմության մեջ առաջին անգամ բացառիկ իրադարձություն է համարվում հոկտեմբերին քաղաքամայր Երևանում կայանալիք գեղասահքի պատանիների աշխարհի գավաթի եզրափակիչ փուլի անցկացումը:

Օլիմպիական խաղերի, աշխարհի չեմպիոն Իրինա Ռոդնինայի անունը կրող գեղասահքի մարզադահլիճը կընդունի աշխարհի 41 երկրի շուրջ 220 մարզիկների, ինչն իրապես բացառիկ իրադարձություն է Հայաստանի համար: Գեղասահքի միջազգային ֆեդերացիայի որոշմամբ հենց Հայաստանն է ընտրվել մրցաշարի անցկացման վայր: Ընտրությանը մասնակցել են մոտ 50 երկրի ֆեդերացիաներ:

«Մեզ համար իրապես մեծ պատիվ է ընդունելու այսքան պատասխանատու մի մրցաշար, ինչպիսին պատանիների աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլն է: Եթե կարողանանք լավ կազմակերպել և լավագույնն անել, ապա հաջորդ տարի գուցե ընդունենք արդեն մեծահասակների աշխարհի առաջնությունը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը:

«Համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետությունում գեղասահքի աշխարհի գավաթի խաղարկության անցկացումը ևս մեկ խթան կհանդիսանա մեր երկրում այս մարզաձևի զարգացման և տարածման համար: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը սերտորեն համագործակցում է Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի հետ և ուրախությամբ արձանագրում, որ տարեցտարի ավելանում է գեղասահքով զբաղվող մարզիկների քանակը, աճում նրանց վարպետությունն ու հմտությունները: Կրկին ողջունում եմ բոլորին, մաղթում արդար և գեղեցիկ մրցակցություն»,- մեզ հետ զրույցում շեշտեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը:

Հայաստանն այս գավաթի խաղարկությանը կներկայացնեն երեք մենասահորդներ և մեկ պարային զույգ:

Վարվառա Հայրապետյան 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am