Ադրբեջանում  ձերբակալվել է իշխանություններին սպանության մեջ մեղադրած ընդդիմադիր ակտիվիստը

Armenpress 18:23, 18 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվի դատարանը սեպտեմբերի 18-ին ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստ Օրհան Բաղըշլըին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Ակտիվիստին առաջադրվել է խոշոր չափի թմրանյութերի ապօրինի շրջանառության շինծու մեղադրանք և նա դատապարտվել է 7 տարվա ազատազրկման:

Ոստիկանությունն ընդդիմադիր ակտիվիստին ձերբակալել էր 2018թ. մայիսի 6-ին և, ըստ ոստիկանության հաղորդագրության՝  նրա մոտ 6 գ հերոին տեսակի թմրանյութ էր հայտնաբերվել:

Օրհան Բաղըշլըն մայիսի 3-ին լրագրող Էլմար Հուսեյնովի գերեզմանի մոտ նրա սպանության մեջ մեղադրել էր Ադրբեջանի բարձրագույն իշխանություններին և տարածված տեսակետների համաձայն՝ նա ձերբակալվել է հենց դրա համար:

Ադրբեջանում գործող իրավապաշտպանները և մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ Օրհան Բաղըշլըին ճանաչել են որպես քաղբանտարկյալ:

Ադրբեջանում իշխանություններին քննադատող և իշխանությունների որդեգրած քաղաքականությանը հակասող կարծիք ունեցող անձանց անօրինական ձերբակալությունները շարունակական բնույթ են կրում:

Ալիևյան ընտանիքը հետևողականորեն շարունակում է լռեցնել իրեն քննադատող, իր դեմ հանդես եկող ցանկացած գործչի: Այս ամենը հասարակության շրջանում ավելի է խորացնում հուսալքությունը և վախի մթնոլորտը, և, ընդդիմադիր գործիչների կարծիքով՝ կարող է հանգեցնել լուրջ ժողովրդական ընդվզման:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am