Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը մասնակցել է ԱՊՀ երկրների արդարադատության նախարարների խորհրդի 13-րդ նիստին

Armenpress 18:21, 18 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Այսօր Դուշանբեում կայացել է Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների արդարադատության նախարարների խորհրդի 13-րդ նիստը, որին մասնակցել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  ՀՀ արդարադատության նախարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիստի ընթացքում քննարկվել են ԱՊՀ անդամ պետություններում իրավաբանական օգնության տրամադրման ոլորտում տեղեկատվության փոխանակման և պահպանման բնագավառում նորագույն տեխնոլոգիաների կիրառմանը, պատժի և քրեական պատասխանատվության այլ միջոցներ կիրառող մարմինների և հաստատությունների գործունեության հասարակական վերահսկողության իրականացման ոլորտի օրենսդրական կարգավորումներին, ինչպես նաև 2014-2018թթ. ընթացքում ԱՊՀ անդամ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի գործողությունների ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր:

Հանդիպման ընթացքում Վ. Քոչարյանը հանդես է եկել ելույթով, որի ընթացքում ներկայացրել է ՀՀ-ում հանրային կառավարման ոլորտում նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ ներդրված էլեկտրոնային գործիքներն ու դրանց արդյունավետ իրականացման փորձառությունը: Իր խոսքում նախարարի տեղակալն անդրադարձել է նաև ՀՀ քրեակատարողական հիմնարկներում հասարակական դիտորդական վերահսկողություն իրականացնող խմբի գործունեությանը:

Խորհրդի շրջանակներում Վ. Քոչարյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել նաև 22.01.1993թ. «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» Մինսկի և 07.10.2002թ. «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» Քիշնևի կոնվենցիայի իրականացման մեխանիզմների կատարելագործման հարցերով առաջարկությունների մշակման աշխատանքային խմբի հերթական նիստը, որի ընթացքում աշխատանքային խումբը քննարկումներ է ծավալել ոլորտը կարգավորող մի շարք միջազգային պայմանագրերի նախագծերի վերաբերյալ, որոշումներ է կայացրել ԱՊՀ միջազգային մի քանի պայմանագրերի նախագծերի լրամշակման վերաբերյալ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am