Հարկադիր կատարման ծառայությունը հյուրընկալել է էստոնացի գործընկերներին

Armenpress 17:18, 18 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարկադիր կատարման ծառայությունում սեպտեմբերի 18-ին հյուրընկալվել է Էստոնիայի դատական կատարողների և սնանկության գործերով կառավարիչների պալատի պաշտոնական պատվիրակությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ հարկադիր կատարման ծառայությունից,  էստոնացի գործընկերները փորձի փոխանակման շրջանակներում Հայաստանում են լինելու  սեպտեմբերի 17-20-ը: Այցի նպատակը երկու երկրների գործընկեր կառույցների միջև շարունակական համագործակցության ընդլայնում է:

Էստոնական պատվիրակության կազմում են ինչպես Էստոնիայի դատական կատարողների և սնանկության գործերով կառավարիչների պալատի ղեկավարությունը՝ պալատի նախագահ Մատի Կադակի գլխավորությամբ, այնպես էլ փաստաբաններ և սնանկության գործերով կառավարիչներ:

Հանդիպում-քննարկման ընթացքում ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանը ողջունել է էստոնացի գործընկերներին՝ ընդգծելով նման ձևաչափով հանդիպումների անցկացման կարևորությունը, որոնք հրաշալի նախադրյալ են երկու երկրների փորձի փոխանակման, հարկադիր կատարմանն առնչվող արդիական թեմաների շուրջ առարկայական քննարկումներ անցկացնելու և համագործակցության հետագա քայլերն ամրագրելու տեսանկյունից:

Կողմերը քննարկել են նաև համատեղ ծրագրի իրականացման հնարավորությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Հանդիպում-քննարկումից հետո էստոնացի գործընկերները շրջել են ծառայության մի քանի բաժիններում, ծանոթացել դրանց աշխատանքներին և ուղղել իրենց հետաքրքրող հարցերը:

Այցի շրջանակներում Էստոնիայից ժամանած պատվիրակությունը եղել է նաև ծառայության թանգարանում, ծանոթացել դրա 20-ամյա պատմությանը՝ հիմնադրման օրվանից մինչև մեր օրերը: Պալատի նախագահ Մատի Կադակը նաև գրառում է թողել թանգարանի հյուրերի գրանցամատյանում: Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված է նաև էստոնացի գործընկերների այցը ծառայության Արարատի մարզային բաժին, ինչպես նաև հանդիպումներ ՀՀ փաստաբանների պալատի և Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիայի հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am