Վարչապետն ընդունել է ԵԱՏՄ պետությունների Կենտրոնական բանկերի նախագահներին

Armenpress 15:52, 17 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների Կենտրոնական բանկերի նախագահներին, ովքեր Հայաստան են ժամանել ՀՀ դրամի ներդրման 25-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը ողջունել է հյուրերին կառավարությունում և շնորհակալություն հայտնել նրանց ՀՀ դրամի ներդրման 25-ամյակի միջոցառումներին մասնակցելու համար: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ չնայած ոչ բռնի, թավշյա հեղափոխությանը՝ հայկական դրամը շարունակել է պահպանել իր կայունությունը, ինչը կարևոր գործոն է տնտեսության զարգացման տեսանկյունից: Կառավարության ղեկավարը կարևորել է ԵԱՏՄ երկրների Կենտրոնական բանկերի միջև սերտ փոխգործակցությունը՝ ֆինանսական շուկաների զարգացման, տնտեսությունների առաջմղման, նոր մեխանիզմների ներդրման նպատակով: Վարչապետը հույս է հայտնել, որ ֆինանսական կառույցների ղեկավարների միջև կշարունակվեն արդյունավետ ու կառուցողական քննարկումները՝ ի նպաստ համագործակցության զարգացման:

ԵԱՏՄ պետությունների ԿԲ նախագահները վարչապետին են ներկայացրել փոխգործակցության հետագա ընդլայնմանը միտված քայլերը, որոնք կնպաստեն ինտեգրացիոն գործընթացների շրջանակում տնտեսությունների, այդ թվում՝ կապիտալի շուկաների և առևտրատնտեսական կապերի զարգացմանն ու խորացմանը:

Մտքեր են փոխանակվել նաև ԵԱՏՄ շրջանակում ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկներ իրականացնելու հնարավորությունների վերաբերյալ: 

 

 

 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am