ՀՀ վարչապետը հեռախոսով զրուցել է Ադրբեջանի կրակոցից Կոթիում վիրավորված բնակչի հետ

Armenpress 13:00, 16 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսով զրուցել է Ադրբեջանի գնդակոծության հետևանքով Տավուշի մարզի Կոթի գյուղում վիրավորված Սուրեն Սեփխանյանի հետ։ Այս մասին վարչապետը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Հենց նոր հեռախոսով զրուցեցի Կոթիում վիրավորված Սուրեն Սեփխանյանի հետ: Ոտքից է վիրավորվել, ոսկորը չի վնասվել: Ասում էր՝ լավ է: Ինձ ասում էր՝ դուխդ չգցես»- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Նիկոլ Փաշինյանը:

Ադրբեջանի զինուժը սեպտեմբերի լույս 16-ի գիշերը կրակ է բացել ՀՀ  պաշտպանության նախարարության 3-րդ բանակային կորպուսի, ինչպես նաև  Տավուշի մարզի Կոթի գյուղի ուղղությամբ։ Ադրբեջանական կողմը կրակել է հիմնականում հրաձգային զենքերով, նաև մեծ՝ մինչև 12,7 մմ տրամաչափի հրաձգային զինատեսակներով։ Հայկական կողմն իր գործողություններով լռեցրել է հակառակորդին։ Ադրբեջանական կողմի կեսգիշերին, 40 րոպե տևած գնդակոծության հետևանքով ոտքի շրջանում թեթև վիրավորվել է Կոթիի բնակիչ Սուրեն Սեփխանյանը (ծնված՝ 1957թ.): Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am