ԲՀԿ-ն ավագանու իրենց թեկնածուի նկատմամբ ոստիկանության իրականացրած գործողությունը քաղաքական հետապնդում չի համարում

Armenpress 18:04, 15 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարգավաճ Հայաստան կուսակցությունը Ոստիկանության կողմից` Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում իրենց ցուցակի 7-րդ համար Մարկոս Հարությունյանի նկատմամբ գործողությունը քաղաքական հետապնդում չի համարում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին սեպտեմբերի 15-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնեց ԲՀԿ ավագանու ցուցակի 2-րդ համար Պետրոս Ղազարյանը:

«Մենք սա քաղաքական հետապնդում չենք համարում: Չենք կարծում, որ մեր ուժի նկատմամբ ճնշում է` կապված Երևանի ավագանու ընտրությունների հետ»,- նշեց Պետրոս Ղազարյանը:

Ավագանու ցուցակում 7-րդ համար Մարկոս Հարությունյանի խոսքով` իրեն չի ներկայացվել, թե ինչ հիմքով է իր նկատմամբ ասֆալտին պառկեցնելու  գործողություն կատարվում ու այդ ընթացքը նկարահանվում:

«Ոստիկանության տեսանյութում ասվածը բոլորովին իրականությանը չի համապատասխանում: Սեպտեմբերի 13-ին ԲՀԿ քարոզարշավի շրջանակում գտնվում էինք Շենգավիթ վարչական շրջանում, որին ներկա էին նաև այդ գործընթացով հետաքրքրված ընկերներս, ովքեր ցանկություն հայտնեցին` գալ մեր նախընտրական շտաբ` որոշ հարցեր քննարկելու: Մեքենաներով երթևեկելիս՝ Պռոշյան փողոցում դիմակներով և ավտոմատներով մեզ «փռեցին» ասֆալտին: Երբ հրահանգ տրվեց, որ պառկենք, իջա մեքենայից` ձեռքերս պարզած, ներկայացա, որ ավագանու թեկնածու եմ: Առանց որևէ բառ ասելու ինձ պառկեցրին գետնին ու նկարահանումները վերջացնելուց հետո ասացին, որ ազատ եմ: Ես օլիգարխ չեմ, թիկնազոր չունեմ: Այս ամենը համարում եմ թյուրիմածություն:»,- նշեց Հարությունյանը:

Պետրոս Ղազարյանի խոսքով` իրենք այս դեպքի առիթով պատրաստվում են դիմել դատախազությանը և մարդու իրավունքների պաշտպանին: «Ասում են, որ մարդը երթևեկել է շարասյունով: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում շարասյուն բառ գոյություն չունի: Որևէ խախտում ու զանցանք չի եղել, բայց մարդկանց պառկեցրել են գետնին, նկարել ու տարածել` նրանց ներկայացնելով, որպես հանցագործ: Մենք ցանկանում ենք դիմել դատախազությանը և գլխավոր դատախազին` որպես ոստիկանությունը վերահսկող պետական գործառույթ ունեցող մարմին, որպեսզի ստուգեն ոստիկանության այս գործողությունների իրավաչափությանը: Ցանկանում ենք դիմել նաև մարդու իրավունքների պաշտպանին, որպեսզի գնահատական տան այս գործողություններին»,- ասաց նա:

ԲՀԿ անդամները նշեցին, որ դատարան դիմել չեն պատրաստվում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am