Երևանում նոր տիպի կառավարմանը սկիզբ դնելու նպատակով «Լույս» դաշինքը քարոզարշավ իրականացրեց Դավիթաշենում

Armenpress 15:52, 15 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ «Լույս» դաշինքը քարոզարշավ իրականացրեց  Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Լույս» դաշինքի Երևանի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը համակիրների հետ շրջեց Դավիթաշենում, շփվեց համաքաղաքացիների հետ:

«Լույս» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը, դիմելով Դավիթաշենի բնակիչներին,  հորդորեց սեպտեմբերի 23-ին ձայն տալ Երևանի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանին՝ Երևանում նոր տիպի կառավարմանը սկիզբ դնելու նպատակով: «Ձեր քվեով է պայմանավորված լինելու, թե ինչպիսի զարգացում է  ունենալու Երևանը 5 տարի շարունակ: Մեր դաշինքը ձեզ է առաջարկում Երևանի արդար և արդյունավետ ծրագիր»,-ասաց Խաժակյանը:

Երեւանի ավագանու ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 23-ին: Քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 10-ին եւ կտեւի մինչեւ սեպտեմբերի 21-ը: Ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական կուսակցություն ու դաշինք:

 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am