1000х90.jpg (78 KB)

ՀՀ վարչապետի տիկինը պաշտոնյաների կանանց կոչ է անում նվիրատվություն անել Արմենակ Ուրֆանյանի հիմնադրամին

Armenpress 14:30, 15 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ներկա և նախկին պաշտոնյաների ու օլիգարխների կանանց կոչ է անում իրենց զարդեղենի ու թանկարժեք իրերը մի մասը նվիրաբերել «Արմենակ Ուրֆանյանի անվան ռազմահայրենասիրական բարեգործական հիմնադրամ»-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Աննա Հակոբյանը նման կոչով հանդես եկավ ապրիլյան պատերազմի ընթացքում զոհված տղաների մայրերի հետ հանդիպմանը: 

«Կոչ եմ անում հայաստանի բոլոր նախկին և ներկա պաշտոնյաների, օլիագրխների կանանց, բոլոր զարդերն ու արժեքավոր իրերը նվիրաբերել տիկին Համեստի հիմնադրամին։ Կարծում եմ նրանք կհամարեն, որ այդ իրերի մի մասը նվիրաբերելով տիկին Համեստի ֆոնդին, կարող են մի փոքր ավելի հանգիստ գլուխը դնել բարձին»,- ասաց Աննա Հակոբյանը:

Քառօրյա պատերազմում զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանի մայր Համեստ Ներսիսյանը նշեց, որ իր որդու անվան հիմնադրամը ստեղծել է բարեգործական նպատակներով: Պատրաստվում են մի շարք միջոցառումներ կազմակերպել, որոնց հասույթը կնվիրաբերվի ապրիլյան պատերազմում զոհվածների ընտանիքներին:

«Որոշել ենք մեր տղաներին նվիրված մեծ միջոցառում կազմակերպել Երևանի 2800-ամյակի օրերին, չէ՞ որ աշխարհի բոլոր ծայրերից հյուրեր ենք ունենալու։ Կփորձենք կազմակերպել ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք և հասույթն օգտագործել բարեգործական նպատակներով։ Հիմնադրամի գումարներն ուղղվելու են ապրիլյան պատերազմի ընթացքում զոհվածների ընտանիքներին»,- ասաց Համեստ Ներսիսյանը:

Համեստ Ներսիսյանի խոսքով` այս հիմնադրամը ստեղծել է որդեկորույս բոլոր մայրերի երեխաների համար, որովեվհետև իրենք մեկը մյուսի ցավը լավ են հասկանում։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am