1000х90.jpg (78 KB)

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Դմիտրի Մեդվեդևին՝ ծննդյան օրվա առթիվ

Armenpress 21:13, 14 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին՝ ծննդյան օրվա առթիվ:

Այս մասին  «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

 «Հարգելի՛ Դմիտրի Անատոլիի,

 Ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ։ Անկեղծորեն մաղթում եմ հաջողություններ Ձեր գործունեության մեջ՝ ի բարօրություն եղբայրական Ռուսաստանի: Պետական և քաղաքական գործունեության Ձեր հարուստ փորձը, Ձեր անգնահատելի ներդրումը հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության զարգացման գործում Հայաստանում խորը հարգանք են վայելում։ Դարեր շարունակ մեր ժողովուրդները կապված են ամուր բարեկամական հարաբերություններով և փոխադարձ օգնության ավանդույթներով, որոնք տարեցտարի ամրապնդվում են և բազմապատկվում:

Բարձր եմ գնահատում մեր միջև ձևավորված անձնական հարաբերությունները և փոխըմբռնումը, որոնք թույլ են տալիս  կառուցողական մթնոլորտում քննարկել մեր պետությունների բազմակողմ համագործակցության հարցերը։  Հուսով եմ՝ կշարունակենք համատեղ կառուցողական աշխատանքը հայ-ռուսական փոխշահավետ կապերի ողջ համալիրի ամրապնդման ուղղությամբ։

Հարգելի՛ Դմիտրի Անատոլիի, մաղթում եմ Ձեզ և Ձեր հարազատներին քաջառողջություն, բարեկեցություն և նոր հաջողություններ բոլոր նախաձեռնություններում»,- ասված է Հայաստանի վարչապետի ուղերձում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am