Գեղարքունիքի մարզը միանում է «Մաքուր մոլորակ» միջոցառման կամավորներին

Armenpress 20:58, 14 Սեպտեմբեր, 2018

ԳԱՎԱՌ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի բոլոր համայնքների կամավորները սեպտեմբերի 15-ի վաղ առավոտվանից միանալու են «Մաքուր մոլորակ» շարժման կամավորներին, ովքեր մարզ են ժամանելու ԱՄՆ-ից, Ռուսաստանից, աշխարհի ամենատարբեր երկրներից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:2018 թվականի սեպտեմբերի 15-ը «Համաշխարհային մաքրության օր» է հայտարարված։ Շարժմանն արդեն միացել է 150 երկիր: Այս տարի համաշխարհային շարժմանը միացել է նաեւ Հայաստանը։ Գեղարքունիքի մարզը եւս իր կամավորական մասնակցությունը կունենա այդ միջոցառման իրականացմանը: Սեպտեմբերի 14-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց խորհրդակցություն, որի ընթացքում հանձնարարականներ տվեց միջոցառման կազմակերպչական աշխատանքների իրականացման ուղղությամբ: «Գեղարքունիքի մարզ են ժամանելու հարյուրավոր կամավորականներ ԱՄՆ-ից, ՌԴ-ից, աշխարհի տարբեր երկրներից: Նրանք սանմաքրման աշխատանքներ կիրականացնեն մարզի մի շարք քաղաքային եւ գյուղական համայնքներում: Միջոցառմանն աջակցելու նպատակով նրանց կմիանան նաեւ մեր մարզի կամավորները, ովքեր կներկայացնեն պետական հիմնարկները եւ հասարակական կազմակերպությունները: Բոլոր ցանկացողները կարող են միանալ առկա խմբերին, սեփական թիմի համար տարածք ընտրել, կամ էլ՝ պարզապես դուրս գալ եւ մաքրել իրեն տան բակը եւ փողոցը։ Մարզպետարանի կողմից կատարվել են համապատասխան ամրացումներ, եւ ակնկալում ենք, որ միջոցառումը կընթանա պատշաճ մակարդակով: Սեպտեմբերի 15-ի վաղ առավոտյան միջոցառման բոլոր մասնակիցներին համայնքապետարանների կողմից կբաժանվեն ձեռնոցներ եւ պարկեր»,- տեղեկացրել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը:Կամավորները նախատեսել են միջոցառման ընթացքում Սեւանի ափամերձ հատվածները, ճամփեզրերը, դիտարժան վայրերը եւ հուշարձանների տարածքները մաքրել պոլիէթիլենային շշերից, որոնք կտեսակավորվեն եւ մարզի տարածքից կտեղափոխվեն հատուկ մեքենաներով:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am