Դնեպրի քաղաքի օրվա տոնակատարությանը հայ ակտիվիստները ծածանել են Հայաստանի 20 մետրանոց դրոշը

Armenpress 20:35, 14 Սեպտեմբեր, 2018

«Դնեպրոպետրովսկի մարզի հայ երիտասարդներ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները, կիրակնօրյա դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները, հայ համայնքի ակտիվիստները մասնակցել են Դնեպր քաղաքի օրվա տոնակատարությանը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հղում անելով AnalitikaUA.net կայքին, ավանդական տարազներով և թեմատիկ շապիկներով շուրջ 80 հայ տոնական երթի ժամանակ ներկայացրեցին պատմական հայրենիքի մշակույթը՝ ազգային երաժշտական գործիքները, երաժշտությունը և պարերը։ Ակտիվիստները ծածանեցին նաև ՀՀ դրոշը։

«Մենք ցույց տվեցինք, որ հայերը իրենց ներդրումն ունեն Դնեպրի մշակույթի զարգացման, տարածաշրջանի երիտասարդների միասնականության գործում։ Մենք ցույց տվեցինք, որ պատրաստ ենք մեր քաղաքի հետ շարժվել առաջ։ Երթին մասնակցությունը նաև ևս մեկ առիթ էր ազգովի համախմբվելու»,- ասում է Դնեպրի հայ երիտասարդների միության ղեկավար Նաիրա Կազեյանը։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի հայերի միությունը՝ Վիլեն Շատվորյանի գլխավորությամբ, միակ կառույցն է, որ միավորում է Ուկրաինայում գործող բորոր համայնքները և հայկական կազմակերպությունները։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am