Ոստիկանությունը հայտնում է «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն»-ում ապօրինությունների մասին

Armenpress 20:00, 14 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողների միջոցառումներով պարզվել է, որ «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն» ՓԲ ընկերության կողմից մատուցվող՝ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման, հանրային առողջապահական և առողջապահական հարակից ծառայությունների գները սահմանված են նշված ընկերության և առողջապահության նախարարության աշխատակազմի միջև կնքված համապատասխան պայմանագրի հավելվածով, որի համաձայն սահմանված են ցերեկային ստացիոնար և գիշերային ստացիոնար բուժման սակագները՝ համապատասխանաբար 64.700 և 107.900 դրամ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, այս տարվա հունվարից մինչև օգոստոս, ընկերության բուժանձնակազմն ու հաշվապահություն իրականացնող աշխատակիցները իրենց օգտին օգտագործելով կարգադրիչ և այլ գործողություններ, այն է ստանալ ամսական հավելյալ աշխատավարձերի գումարներ, կենտրոն դիմած բազմաթիվ քաղաքացիների հիվանդության պատմագրերում և նրանց անուններով առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալություն ներկայացված հաշվետվություններում մուտքագրել են իրականությանը չհամապատասխանող մատուցված բուժօգնության տեսակների ու բուժման օրերի ավել քանակների կեղծ տվյալներ: 

Մասնավորապես, փաստացի ցերեկային ստացիոնարի հիվանդները ձևակերպվել են որպես գիշերային ստացիոնար բուժօգնություն ստացած հիվանդներ, իսկ մի քանի դեպքերում էլ հավելագրվել են բուժման օրերի քանակները, ինչի արդյունքում կենտրոնի հաշվեհամարին պետական բյուջեից փոխանցվել է լրացուցիչ գումար և պետությանը պատճառվել էական վնաս: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am